Պուշկին-Եկմալյան հասցեի բնակիչներն իրենց բակում տեղադրված աղբամանները դատարկ չեն տեսնում: Ոչ միայն աղբամաններն են ամեն օր լեփ-լեցուն լինում, այլեւ դրանց շրջակայքը աղբի մեջ կորած է: Աղբով լի աղբամանները տարածքի առնետների համար ծառայում են, որպես խրախճանքի «օբյեկտ»:
Նշյալ հասցեի բնակիչների խոսքերով, այս իրավիճակը գրեթե ամեն օր է: Շրջակայքում գործող սննդի խանութներն էլ ստիպված են լինում, ամեն օր, իրենց բիզնեսը աղբի հարեւանությամբ կազմակերպել:
Աղբատեղիի դեմ դիմաց Մարդու իրավունքների գրասենյակն է գործում, որտեղ ամեն օր հարյուրավոր քաղաքացիներ են այցելում:
«Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ-ի պատասխանատուները հավաստիացնում են, որ այդ հասցեում, օրը երկու անգամ, աղբահանություն կատարվում է, մեկը` վաղ առավոտյան, մյուսը կեսօրից հետո` ժամը երեք անց կեսից 4-ը:
Aravot.am-ի հետ զրույցում «Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Գրիգոր Մկրտչյանն ասաց, որ աղբի կուտակումների հիմնական պատճառն այն է, որ բնակիչները երկու-երեք օրը մեկ կենցաղային աղբի համար նախատեսված աղբամաններում շինարարական աղբ են լցնում, իսկ աղբի մեքենան չի կարողանում դրանք դատարկել: Ըստ պարոն Մկրտչյանի, այդ աղբամանները նախատեսված են միայն տարածքի բնակիչների համար, մինչդեռ այդտեղ աղբ են թափում շրջակա խանութներն ու այդ փողոցով անցուդարձ անող ավտոմեքենաները, ինչի պատճառով էլ աղբարկղերը չէն հասցնում դատարկվել. «Է’լ երկաթի կտորներ են թափում, է’լ բետոն, է’լ հին կահույք»,-ասում է Գրիգոր Մկրտչյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ