Լուսինե Սահակյանը այդ ամբողջ հորինել է և դրա համար պատասխան է տալու: Ինքը իրավունք չունի հորինելու, քանի որ սա նախաքննական մարմնի ոչ մի փաստաթղթում գոյություն չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում վրդովված նշեց սպանված Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված, Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդի Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարել էր, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Կարեն Եսայանին ասել էր «Կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի»:
Անահիտ Իսկանդարյանը վրդովված է, թե «Լուսինե Սահակյանը որտեղի՞ց գիտի այս ամենը, ինքը սրա համար պատասխա՞ն է տալու, թե՞ ոչ: Ի՞նչ փաստեր ունի ինքը ոչ մի փաստ չկարողացավ դատարանում ապացուցել»:
Ըստ տիկին Անահիտի՝ «Լուսինե Սահակյանն այս խոսքերով տղայիս պատիվն է խայտառակել, էդ ի՞նչ բառեր են՝ կքոռանաս, քրոջս չես տեսնի: Ինքը դրա համար պատասխան է տալու: Ինքը եղե՞լ է Վարդան Ղուկասյանենց տանը, նրա տղան Կարենին կանչե՞լ է կիսակառույց, ինքը լսե՞լ է դա, կարո՞ղ է ապացուցել: Ինքը կարո՞ղ է իր ստերը ապացուցել: Ես այդ ստերի համար իրեն պատասխանատվության եմ ենթարկելու: Այդպիսով նա վարկաբեկում է ինձ և նրան, ում աղջկան ես ուզել եմ, փաստերը դարձրել է՝ ոնց ուզենա»:
Կարդացեք նաև
Անահիտ Իսկանդարյանը վրդովված ասաց, թե Լուսինե Սահակյանը նման հայտարարություններ է տարածում, որ իմանան, թե ինքը գործ է արել, որ ստացած հոնորարն արդարացնի, մինչդեռ իր խոսքերը չեն հրապարակվում. «Դատի եմ տալու: Այդ նույն ստերն ասում է նաև Դերենիկ Մալխասյանին: Հիմա դուք ի՞մ կողմից եք, թե՞ մարդասպանի»:
Կարեն Եսայանի մայրը ստեղծված իրավիճակը համարում է «իրավական տեռոր, որին ենթարկում է փաստաբանը մի ամբողջ հանրապետության»: Այնուհետև շարունակում. «Հարություն Սարգսյանի հանցագործությունը անժխտելի և անբեկանելի է: Մեղադրական որևէ փաստարկի դեմ Լուսինե Սահակյանը գործնականորեն չի կարողացել առարկել»:
Անահիտ Իսկանդարյանը վստահեցրեց, որ իր տղան և Վարդան Ղուկասյանի որդին մանկության ընկերներ են եղել ու մանրամասնեց. «Ամեն տեղ տապալելով այս տղայի գործը՝ ուզում է իր PR-ը անել: Բայց քանի Կարենի ընտանիքը կա, դա չի ստացվի: Ի՞նչ եք ուզում Վարդան Ղուկասյանից կամ նրա տղայից, մեր տղաները մանկության ընկերներ են եղել և մեծ սիրով ու սրտով այդ աղջկան տվել են մեզ: Իմ վերքի վրա աղ լցնողը ուժեղ պիտի պատժվի»:
Կարեն Եսայանի մայրը մտադիր է դատի տալ որ, բացահայտվեն նաև սպանության մյուս մասնակիցները: Ինչ վերաբերում է Հարություն Սարգսյանին՝ տիկին Իսկանդարյանն ասաց. «Նրան քսան տարին էլ է քիչ, հրապարակում այդ տղային իմ ձեռքով պիտի այրեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ