Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու փոխնախարարը վիճեցին. «Դուք ինձ չեք կարա ոչ խնդրանքի, ոչ էլ որեւէ այլ ձեւով բան հանձնարարեք»

Հոկտեմբեր 21,2014 18:21

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություն տալու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց. «Չափազանց զարմացած եմ, որ Արծվիկ Մինասյանին հարցին ի պատասխան՝ ասում եք, որ սահմանապահ համայնքների մասին իմ ներկայացրած նախագծին ծանոթ չեք եւ անձամբ չեք ծանոթացել: Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի կառավարության նիստում ձեզ հանձնարարել էր, որ այդ նախագիծը քննարկեք ու եթե ողջամիտ առաջարկներ կան, ներառեք այն նախագծի մեջ, որը  պատրաստում եք: Այս փաստը դուք հաստատել եք ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ես եմ ձեզ զանգել: Հիմա վարչապետը ձեզ հանձնարարել է, որ նայեք տեսնեք ողջամիտ առաջարկ կա, թե չէ, եկել եք ԱԺ ամբիոնից ասում եք՝ կներեք, ես այդ նախագծի բովանդակությանը ծանոթ չեմ: Բա ո՞նց եք որոշել՝ ողջամիտ առաջարկ կա՞, թե՞ չէ: Թե՞ ձեր կառավարությունում այդպես մոտավորապե՞ս են որոշում կամ ուրիշ զգայարաններո՞վ են որոշում՝ այդտեղ ողջամիտ առաջարկ կա՞, թե՞ չէ:

Հետո, կառավարությունում ձեւավորվել է սահմանամերձ համայնքների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ՝ էլի վարչապետի որոշմամբ: Ես անձամբ մասնակցել եմ այդ խմբի աշխատանքներին եւ իմ ներկայությամբ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ խնդրին հրատապ լուծում տալու սահմանամերձ համայնքների կարեւոր քայլը կոմունալ վարձերի հետ կապված փոխհատուցում տալն է, խոսքը էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մասին է: Ընդ որում, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները այստեղ, երբ արգելակում էին իմ ներկայացրած նախագծի մուտքը քառօրյայի օրակարգ, իրենք ասում էին, թե այո, այդ բոլոր հարցերը շատ կարեւոր են, այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն, կառավարությունն էլ ողջունել էր այդ նախագիծն ու մոտեցումը, որ պետք է կոմունալ վարձերի գծով սահմանապահ համայնքների բնակիչներին տալ արտոնություններ: Հիմա ինչի՞ չեք տալիս այդ արտոնությունը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր կողմից հավելեց, որ այդ նախաձեռնության հետ կապված 6 խմբակցություն կառավարությանը առաջարկություն է արել, մինչեւ այսօր պատասխան չկա:


Վախթանգ Միրումյանը պատասխանեց, թե վարչապետը հանձնարարել է, բայց ոչ թե իրեն, այլ՝ տարածքային կառավարման փոխնախարարին. «Այո, մենք ունեցել ենք խոսակցություն, ես ձեզ առաջարկել եմ, որ եթե ունեք մեր նախագծի հետ կապված, եթե առաջարկություն ունեք, որ կցանկանայիք ներառվի մեր նախագծում, կարող եք ներկայացնել, որպեսզի քննարկենք ու որոշում կայացնենք: Ինչ վերաբերում է գազի, ջրի վարձերի ներառմանը, այս նախագիծը տնտեսական գործունեությանն է առնչվում եւ գազի, ջրի վարձերի հարցերը, բնականաբար, չէին կարող ներառվել այս նախագծում:

Նիկոլ Փաշինյանը բարկացավ՝ «Պարոն Միրումյան, վարչապետը այդ հանձնարարությունը տվել է անձամբ ձեզ՝ տարածքային կառավարական փոխնախարարի հետ հանդիպումից հետո: Մեկը մյուսի հետ կապ չունեն: Դուք ասում եք, թե ինչ խնդրել եք, որ ես այս բան անեմ:  Նախ, դուք ինձ ոչ մի բան չեք խնդրել, երկրորդն էլ ես իմ առաջարկները նախագծի տեսքով ներկայացրել էի: Վարչապետը ձեզ հանձնարարել էր, որ գնացեք այդ նախագծին ծանոթացեք, եթե ողջամիտ առաջարկներ կան՝ վերցրեք: Հիմա վարչապետը ձեզ է հանձնարարել, ստացվում է՝ դուք էլ ինձ եք հանձնարարել, որ ես բերե՞մ: Ես ձեզ ուզում եմ հիշեցնել՝ դուք ինձ չեք կարա ոչ խնդրանքի, ոչ էլ որեւէ այլ ձեւով բան հանձնարարեք: Փաստն այն է, որ լրագրողներն էլ զանգում էին, ասում էին՝ այդ ի՞նչ հաշիվ է, Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ձեր առաջարկները ներգրավել: Բայց ստացվում է, որ դուք նույնիսկ ձեր վերադասի հանձնառությունը չեք արել, կես էջանոց թուղթը չեք կարդացել, բերել եք այստեղ մի հատ փաթեթ, որը սահմանամերձ համայնքների հետ ընդհանրապես կապ չունի»:

Վախթանգ Միրումյանը պնդեց, որ վարչապետի հանձնարարականը կատարել են: Իսկ Նիկոլ Փաշինյանի առաջարկների համար պատասխանատուն եղել է տարածքային կառավարման փոխնախարարը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Անհեթեթ իրավիճակ է ստեղծվել, որպեսզի փոխնախարար Միրումյանը ոչ միայն զբաղվի Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություն տալու մասին օրինագծերի փաթեթի մեջ առաջարկությունների ներառումով, այլև հասկանա, թե ինչ է նշանակում սահմանամերձ բնակավայր, նա պետք է իր ընտանյոք հանդերձ գոնե մեկ շաբաթով գա Չինարի, Այգեպար, Բերքաբերն կամ Կոթի, գյուղի ընտրությունը թողնում ենք իրեն:
    Պարզ իրողություն է, որ խնդրով մտահոգ պատգամավորների առաջարկությունները կառավարությանը ձեռնտու չեն, դրա համար էլ այդ հարցով միրումյանանման կերպարներին են զբաղվում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031