Արթիկի տարածաշրջանի Հառիճ գյուղը, որի վանական համալիրում սովորել ու ստեղծագործել են հայ շատ մեծություններ, օրինակ` Կոմիտաս Վարդապետը, 1887-1889 թվականներին Հառիճավանքի դպրոցում սովորել է Ավետիք Իսահակյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան փողոց ունի: Օրերս Հառիճավանքի բակում կազմակերպված հոգևոր երաժշտության փառատոնին մասնակցելիս, մեր ֆոտոխցիկը ֆիքսեց Նազարբաևի փողոցը, որի անունը, ի դեպ, գրված է ռուսերենով:
Մենք Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են գյուղի փողոցը կոչել Նազարբաևի անունով, Ղազախստանի նախագահի ո՞ր մի լավ վերաբերմունքի համար… Գյուղապետն ասաց, որ իրենք սերտ կապերի մեջ են ղազախների հետ, իրենց գյուղը 1400-1947 թվականներին կոչվել է Ղփչաղ, ղազախներն էլ, ղփչաղցիներին համարելով իրենց ցեղակից, եկել, բարեկամացել են իրենց հետ, վերանորոգել են գյուղի մանկապարտեզը, գրադարան են բացել ու այսպես սկսվել է համագործակցությունը:
Մեր այն հարցին, թե փողոցը ղազախնե՞րն են ասֆալտապատել, որ Նազարբաևի անվամբ են կոչել, գյուղապետն ասաց. «Ոչ, Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջին անգամ իր թեկնածությունը առաջադրելիս, եկավ մեր գյուղ, տեսավ քանդված փողոցը, խոստացավ ասֆալտապատել, և ընտրվելուն պես կատարեց իր խոստումը, մենք շատ շնորհակալ ենք նրանից: Իսկ Նազարբաևի անունով մենք անվանել ենք, որպեսզի մի քիչ գյուղի համար օգուտ լինի»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, բա չե՞ք փոշմանել Նազարբաևի` Աստանայի գագաթաժողովում հայրերիս նկատմամբ ցուցաբերած պահվածքից հետո, չէ՞ որ նա Ադրբեջանի նախագահի Ալիևի նամակը ընթերցեց` անհամար վիճակի մեջ դնելով մեր երկրի նախագահին, բացի այդ ակնհայտորեն դեմ էր, որ Հայաստանը մտնի ԵվրԱսիական տնտեսական միություն, Հառիճի գյուղապետն ասաց, որ ինքը հետևում է բոլոր իրադարձություններին: Ըստ գյուղապետի, ինքը գիտի այս ամենի մասին, բայց դա ի՞նչ կապ ունի, հատկապես որ փողոցը պաշտոնապես գրանցված չէ Նուրսուլթան Նազարբաևի անունով:
Գյուղի փողոցները, ընդունված կանոնակարգի համաձայն, անուններ չունեն, համարակալվում են: Գյուղապետը նաև ասաց, որ իրենց սերտ համագործակցությունը ղազախների հետ մոտ 7 տարի է, և այս բարեկամությունը ստեղծվել է Արթիկի տարածաշրջանի նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի շնորհիվ, որի Ղազախստանում բնակվող եղբայրը սերտ կապեր ունի Նազարբաևի հետ: «Թող գյուղին օգուտ լինի, մի լավ բան լինի իմ գյուղի համար, եթե տեսանք, որ բան չի լինում, Նազարբաևը կդարձնենք Նազարեթյան, ի՞նչ է եղել»- կատակեց գյուղապետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ղազախները նույն թյուրքալեզու ընտանիքին չեն պատկանում? 1400 թվից եկող Ղփչաղ անունն էլ, որ նշում եք, շատ հավանական է նույն թուրքերենից է եկել: Ղազախստանն այստեղ ինչ կապ ունի (հլը որ ռուսներին հարցնեք, 1918 թվից առաջ Ղազախստանն ընդհանրապես ղազախների հետ կապ չունի): Եթե այնտեղ բիզնես անող պատգամաորի եղբոր համար աչոկներ է բերում ղազախական արմատներ գտնելը ձեր համար, դա դեռ չի նշանակում որ պտի պատին գրեք կպցնեք: Պատրաստվեք, հեսա Թուրքիայում “գործ” անողների ախպերներն են ստեղ սկսելու պաշտոն ստանալ:
Այսպիսի խայտառակություն ոչ լսել եմ, ոչ տեսել:Կարո՞ղ է հումոր է:
ՆԱև ԹԱՅԼԱԹԻ ԱՆՈՒՆՈՎ ԱՆՀԱՊԱՂ ՊԵՏՔ Է ՓՈՂՈՑ ԲԱՑԵԼ