Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում աշուղ Ջիվանի կարդաց՝ Եռյակի համար (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2014 17:41

Այսօր ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը ԱԺ հայտարարությունների ժամին սննդամթերքի անվտանգության եւ սանիտարահիգիենիկ պայմանների մասին բողոքեց: Նա խոսեց պիտանելիության ժամկետը լրացած սննդամթերքի իրացման մասին՝ ասելով, որ ոլորտը դարձել է անվերահսկելի, կա գենետիկորեն ձեւափոխված սննդամթերք:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց Սահմանադրական բարեփոխումների մասին՝ ասելով, որ դրան դեմ արտահայտվողներն ասում են, թե «եթե լավ բան է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն անում». «Եթե այլ պատճառներ չբերեմ՝ բերեմ մի դիտարկում՝ առաջին նախագահ Լեւոնը դժգոհեց նոր Լեւոնից, Ռոբերտը դժգոհեց նոր Ռոբերտից եւ որ՞ն է երաշխիքը, որ Սերժը չի դժգոհելու նոր Սերժից: Բոլորը դժգոհ են նրանից, ով իշխանություն է: Ուրեմն մի բան այն չի, չէ՞, ինչ-որ խորքային պատճառ կա:

Եթե ոմանք կարծում են, որ Սերժ Սարգսյանը փոխվեց, իշխանությունն էլ է փոխվելու, ուրեմն մեր անցած ճանապարհը լավ չեն ուսումնասիրել: Իրական իշխանափոխությունը երբեք չի կարող անձնափոխությամբ սահմանափակվել: Համոզված ենք, որ ժողովրդին ծառայող իշխանափոխությունը կարող է լինել միայն ամբողջական, որ ոչ միայն մարդիկ փոխվեն: Միջազգային փորձն աչքի առաջ ունենալով անգրագիտություն է պետականության կայացման գործում նսեմացնել սահմանադրական զարգացումների անհրաժեշտությունը: Իսկ սահմանադրական զարգացումը ոչ միայն սահմանադրության փոփոխությամբ պետք է պայմանավորել, այլ երաշխավորություն, որ ներպետական, ներհասարակական հարաբերությունները փոխարինվեն սահմանադրական իրավահարաբերություններով: Այդպես են պետություն դառնում: Սա չընկալելը ավելի դիպուկ, քան աշուղ Ջիվանին է բնորոշել՝ դժվար է ասել»,- ասաց պարոն Ռուստամյանը եւ արտասանեց Ջիվանու «Մեկ է» ստեղծագործությունից մի հատված՝ «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ խոսեց երկրի վատ վիճակից, դարդ ու ցավերից, թե «Աղքատությունը, գործազրկությունն ու արտագաղթը դարձել են մեր երկրի հիմնախնդիրները, գնալով ավելանում են լուծարվող կազմակերպությունները, մասնավորապես՝ փոքր խանութները, օրեցօր ավելանում է վարչարարությունը, պետական պարտքը հասնում է 5 մլրդ դոլարի: Արտոնյալ միջազգային վարկերի 30 տոկոսը ծախսվում է խորհրդատվությունների վրա, փոշիացվում է: Օրվա հացի կարոտ քաղաքացիների թիվն ավելանում է, հարյուրավոր ծերեր ու երեխաներ Շիրակի մարզում սոված են քնում: Սոցիալական անտարբերությունը գնալով խորանում է: Ժողովուրդը թթվածնային քաղցի մեջ է: Արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի տուգանքներն անընդունելի են»:

Նա ասաց, որ գտնում են, որ ներկայումս Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Նա տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը նոր նախագիծ է մշակում՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հետ կապված. «ՕԵԿ-ը օրերս աշխատանքային խումբ է ձեւավորելու, խմբակցությունների հետ տղամարդավարի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ գործընթացը սկսելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031