«Խոսքը բուն ազատազրկման մասին էր: Մեր համոզմամբ`չէր կարող երեխան այդ տիպի արարքի համար ազատազրկվել, առավել ևս, որ ծնողի հետ էր կապված եղել, ուստի ավելի շատ ծնողն էր պատասխանատու»,-Aravot.am-ի հետ զրույցում վերլուծելով Շանթ Հարությունյանի և Շահեն Հարությունյանի դատավճիռը` այսպես պատասխանեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավճիռը: Ըստ այդմ՝ նրանք դատապարտվեցին՝ 1-7 տարի ազատազրկման, իսկ Շանթի անչափահաս որդին՝ Շահենը, դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման:
Պայմանական ազատազրկման որոշման մասին պարոն Կիրակոսյանն ասաց. «Սա որոշակիորեն դրական փաստ է: Բայց խնդիրն ընդհանրապես քրեական օրենսգրքի հոդվածների իրականացման և ժամկետների մեջ է: Ըստ էության` դաժան պատիժները, որոնք քրեական օրենսգրքով նախատեսված են այդ տիպի արարքի համար, շատ արարքներ քրեական օրենսգրքում չեն համապատասխանում ողջամտությամբ պատժին, որ պիտի կիրառվեն»:
Ըստ Արտակ Կիրակոսյանի` «երեխան նստած չէ, դա ամենակարևորն է»: Մեր հարցին` իշխանություններն ինչո՞ւ գնացին այդ քայլին, որ հասարակական լայն զանգվածների դժգոհություն չառաջացնե՞ն, պարոն Կիրակոսյանը պատասխանեց. «Եթե այդ հասարակության, ընտանիքի, հոր ընկերների ազդեցության տակ երեխան ասում է, թե խփել եմ ոստիկան և լավ եմ արել, դժվար էր որևէ կերպ որևէ հոդված չդնել:
Կարդացեք նաև
Այստեղ այլ խնդիր կա. հասարակության խնդիրն է, ըստ էության բռնությունը տարբեր ձևերով արդարացվում է: Եղել է որոշակի բռնություն, և իմ համոզմամբ` ինչ-որ պատիժ պիտի լիներ, այլ հարց է, թե քրեական օրենսգիրքը ինչ է նախատեսում և ինչ պատիժ պիտի լիներ»: Արտակ Կիրակոսյանի համար անընդունելի են այն կոչերը, թե Շանթն ու ընկերները արդար էին:
Aravot.am-ը մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանից հետաքրքրվեց` ո՞րն է օմբուդսմենի գրասենյակի դիրքորոշումը Շանթի ու ընկերների գործով վճռի կապակցությամբ, խորհրդականը հրաժարվեց պատասխանից` նշելով. թե ինքը լիազորված չէ այդ հարցին պատասխանել: Իսկ թե ե՞րբ սպասել ՄԻՊ գրասենյակի գնահատականին, տիկին Սաֆարյանն ասաց` «ճշտեք իրենցից, ես այդ հարցով չեմ զբաղվում»: Մեր հարցին` անձնական կարծիք չունե՞ք, գլխավոր խորհրդականը պատասխանեց. «Ունեմ, սակայն այս դեպքում ավելի լավ է չասեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ