Երեւանի «Նաիրի» հրատարակչությունում 500 տպաքանակով լույս է տեսել Իջեւանի շրջանի երկարամյա ղեկավար Ջեմմա Անանյանի «Ապրելու երաշխիքը» գիրքը: Այնտեղ ամփոփված են Ջ. Անանյանի ծննդյան 80, աշխատանքային գործունեության 60-ամյա հոբելյանների , ծննդավայր Իջեւանում նրա կիսանդրու բացման հանդիսության, ՀՀ Ազգային գրադարանում ծննդյան հոբելյանին նվիրված հանդիսության, Ջ. Անանյանի «Հայոց օջախը՝ պատանդ» գրքի շնորհանդեսի նյութերը, «Կենտրոն» հեռուստաընկերություն «Դիպված հաղորդաշարի»՝ նրան նվիրված հատուկ թողարկման նյութերը, նամակներ, փաստաթղթեր եւ այլն:
Ջ. Անանյանի հետ է կապվում Իջեւանի ճարտարապետական ուրույն, գեղեցիկ տեսքի ձեւավորումը, 1985-92թթ. Իջեւանի քաղաքային զբոսայգում քանդակի միջազգային գիտաժողովների անցկացումը, որտեղ աշխարհի 17 երկրներից ժամանած 96 քանդակագործ աշխատել եւ Իջեւանին են նվիրվել իրենց կերտած 116 քանդակը: Նրա կառավարման ժամանակ կառուցվեց Իջեւանի Սպիտակ լիճը: Անանյանը իր գրքում նաեւ ցավում է , որ կիսատ է մնացել իր նախաձեռնած, Իջեւանի կենտրոնը Երազանք կոչվող սարին միացնող ճոպանուղու շինարարությունը : Նա գրել է. «Վերեւում դիմահայաց Երազանք սարն է, որն իր ավարտմանը սպասող ճոպանուղու բետոնյա կանգառով «երազում է» միանալ քաղաքին ու հանգստավայր դառնալ: … Մտովի հասնում եմ ավազահանքի վերածված երբեմնի, դարբնակուռ ջահերով ու վարդի գույնզգույն թփերով երիզված գեղատեսիլ Սպիտակ լիճը ու դժկամությամբ նայում հասմիկի նուրբ ու գեղեցիկ թփերին փոխարինած, կողք-կողքի շարված բենզալցակայաններին»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ