Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակի ճանապարհային քարտեզը Գագիկ Ծառուկյա՞նն է ձեւավորում

Հոկտեմբեր 21,2014 15:43

Եռյակը հետ չի կանգնել իշխանափոխության գաղափարից եւ հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակ-քառյակի հանրահավաքում հնչելու են իշխանափոխության կոչեր: Այսօր խորհրդարանում եռյակի հերթական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Եռյակի այսօրվա նիստի օրակարգում եղել է խորհրդարանում ստեղծված իրավիճակը: Ըստ Հակոբյանի իշխող ՀՀԿ խմբակցությունը խորամանկությունների է դիմում եւ նախագծեր է բերում, որոնք հրատապ են ճանաչում իրենց իսկ կառավարության կողմից`ստվերում թողնելով ընդդիմության առաջարկները:

Հիշեցնենք, որ երեկ, ոչ իշխանական ուժերը օրենսդիր մարմնին հրատապ քննարկման համար ներկայացրել էին կառավարման ճգնաժամի մասին հայտարարության եւ ԸՕ-ի փոփոխությունների քննարկման հարցերը, որոնք, ըստ կանոնակարգի, պետք է քննարկվեն 72 ժամվա ընթացքում: Ժամանակն անցնում է, հարցերը դեռ չեն ընդգրկվում նիստերի օրակարգ:

Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ ՀՀԿ-ի պահվածքը հեռու է խորհրդարանին բնորոշ գործընթացից ու խորհրդարանական մշակույթից: Թեեւ ընդդիմությունը ցանկացած պահի կարող է բոյկոտել նիստերը, բայց այս պահին որոշել են ակտիվորեն մասնակցել քննարկումներին:

Առաջիկա հանրահավաքի հետ կապված հարցեր այս նիստի ընթացքում չեն քննարկել: Նա, սակայն, հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է հանրահավաքին: Այժմ եռյակը աշխատում է ճանապարհային քարտեզը մշակելու վրա: Ռուբեն Հակոբյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ իշխանափոխության գաղափարից ոչ իշխանական եռյակը չի հրաժարվի: Ինչ վերաբերում է մինչ հանրահավաքը եռյակի առաջնորդների հնարավոր հանդիպմանը, ապա, ըստ բանախոսի, այս պահին նման քննարկում չկա: Բայց չի բացառվում, որ այդ հանդիպումը լինի:

Ամփոփելով հոկտեմբերի տասին տեղի ունեցած հանրահավաքը՝ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Տարբեր գնահատական կարող է հնչել, ժողովուրդը միասնություն էր ակնկալում, սակայն դա առաջին ու վերջին հանրահավաքը չէր, թե քանակի թե որակի հետ կապված»: Նա անցած հանրահավաքը հիմնականում համարում է հոկտեմբերի քսանչորսի հանրահավաքի նախապատրաստում:

Ռուբեն Հակոբյանը հերքեց այն տեղեկությունները, թե եռյակի ճանապարհային քարտեզը ձեւավորելու է միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ասաց, որ ինքը տեղյակ չէ նման պնդումներից ու հավելեց, որ բոլոր քաղաքական ուժերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց տեսակետերն ու մոտեցումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031