Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնը (ԱԳԷԿ) Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 20-21-ին Երևանում դասընթաց անցկացրեց Հայաստանի հանրային հատվածի հաղորդակցության մասնագետների, լրագրողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Այն նվիրված էր Հայաստանում ԵՄ-ին առնչվող հաղորդակցության մշակմանը:
ԱԳԷԿ ղեկավար Մարգե Մարդիսալու-Կահարի խոսքերով, միջոցառման հիմնական նպատակը հաղորդակցության և մեդիա հմտությունների զարգացումն էր Հայաստանում ԵՄ օժանդակության, հայկական կառավարությանը ԵՄ բյուջետային աջակցության վերաբերյալ հաղորդակցության մշակման ու ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի տեսանելիության համար: «Դասընթացի նպատակն էր նաև հաղորդակցության մասնագետների, քաղաքացիական հասարակության ու լրագրողների նոր ցանց ստեղծել, որ կարող է օգտագործվել որպես ԵՄ առնչությամբ հաղորդակցության հզոր գործիք», ասաց նա:
Դասընթացի հիմնական զեկույցը ներկայացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը, իսկ սեկտորային քննարկումներում ներգրավված էին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը և Հայաստանի արտգործնախարարության Եվրամիության բաժնի ղեկավար Մհեր Մարգարյանը:
ԱԳԷԿ-ը մեկտեղել էր նաև հաղորդակցության մի քանի փորձագետների` ընդգրկելով Հայաստանում ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հալլիստեին, կենտրոնի փորձագետներ Աննելի Կիմբերին և Աղավնի Հարությունյանին, նաև էստոնական առաջատար «Դելֆի» պորտալի գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդին:
Երկօրյա դասընթացը ԱԳԷԿ-ի կազմակերպած ԵՄ հաղորդակցության մշակման դասընթացային ծրագրի երրորդ փուլն էր: Ծրագիրը սկսվել էր Թբիլիսիում հանրային հաղորդակցության հայ, ադրբեջանցի, բելառուս, վրացի, մոլդովացի և ուկրաինացի մասնագետների բազմակողմ դասընթացով և շարունակվել հայ լրագրողների Էստոնիա ճանաչողական այցելությամբ:
Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի մամուլի հաղորդագրություն