Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գործը՝ միջազգային քրեական դատարանո՞ւմ

Հոկտեմբեր 21,2014 14:48

«Ցանկացած հարց մեզանում բռնությամբ է լուծվում՝ սկսած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարից, վերջացրած ցանկացած այլ հարցով. ուժը՝ որպես իրավունք ծնող դեռ շարունակում է մնալ: Բռնեմ գլուխդ կջարդեմը մեզ մոտ խիստ նստած է»,-Aravot.am-ի հարցին՝ միտումներն ինչպիսի՞ն են՝ մեր երկրում բռնության կիրառման նվազո՞ւմ է նկատվում, թե՞ հակառակը, այսպես պատասխանեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Նշենք, որ այսօր ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համագործակցությամբ, կազմակերպեց կլոր սեղան–քննարկում` նվիրված «Հետ-2015» զարգացման ծրագրին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղհասարակության ներկայացուցիչներ քննարկեցին հակամարտությունների կանխարգելման և դրանց լուծման մեխանիզմներն ու գործիքները:

Արտակ Կիրակոսյանն իր ելույթում ներկայացրեց բռնությունը ցեղասպանության ճանաչման գործընթացում, հայ-ադրբեջանական հարաբերություններում ներքաղաքական կյանքում: Այստեղ առանձնացրեց ներքաղաքական երկխոսության կարևորությունը՝ հիշեցնելով Մարտի 1-ի, Շանթ Հարությունյանի, Հոկտեմբերի 27-ի գործերը: Այսինքն՝ մեզանում բռնությունը դարձել է որպես քաղաքական խնդիրների լուծման եղանակ»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ նշված գործերից ոչ մեկի դեպքում իրականացնողը բացահայտված չէ, պարոն Կիրակոսյանն արձագանքեց. «Մարտի 1-ի հարցով գիտենք՝ ովքեր են իրականացնողները, այլ հարց է, թե հասարակությունը ոնց է վերաբերվում այդ բռնությանը և տեսնում լուծումներ: Զոռբայությունը մեզ մոտ նստած է»:

Արտակ Կիրակոսյանը առանձնացրեց նաև ոստիկանության իրականացրած բռնությունները, խոշտանգումները, ուժ կիրառելը, երեխաների նկատմամբ բռնության կիրառումը: Նա մտահոգություն հայտնեց, որ մեզանում ոչ թե երկխոսությունն, այլ կոմպրոմիսի մշակույթն է զարգանում:

ՄԱԿ հայկական ասոցիացիայի հակամարտությունների կանխարգելման ծրագրերի համակարգող Ամալյա Գրիգորյանը շեշտեց, որ «Հետ -2015 թվականի զարգացման օրակարգը» փոխարինելու է գալիս Հազարամյակի զարգացման նպատակներին, որի իրականացման վերջնաժամկետը 2015 թվականն է»: Այնուհետև մանրամասնեց. «Այժմ միջազգային հանրությունը, ի դեմս ՄԱԿ-ի, քննարկումների է դրել շարունակականությունը՝ ապահովելու Հազարամյակի զարգացման նպատակները: Ձևաչափի հիմնական նպատակն է աշխարհում ծայրահեղ աղքատության նվազեցումը: Ծայրահեղ աղքատության նվազեցումը համակարգային մոտեցում է պահանջում: Այդ խնդրի լուծման համար զուգահեռաբար այլ խնդիրներ էլ պետք է լուծվեն՝ առողջապահության, բուժօգնության հասանելիության, կրթության երեք մակարդակների հասանելիության և այլն»:

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը կարևորեց օմբուդսմեն-հ/կ-ներ համագործակցությունը ու հիշեցրեց. «2011-ից Կարեն Անդրեասյանի հանձնարարականով համագործակցության նոր՝ հուշագրային ձևաչափ ընտրվեց, որի արդյունքում համագործակցությունը սերտացավ: Այն տեղեկատվությունը, որ տիրապետում են հ/կ-ները, կարևոր բազա է մեզ համար, որի հիման վրա էլ հետագայում փորձում ենք մարդկանց օգնել»:

Արտակ Կիրակոսյանի հավաստմամբ՝ քանի դեռ մենք չենք տիրապետում միջազգային դատարան դիմելու մեխանիզմներին, մարտի 1-ի գործընթացում մեղավորների դատապարտում ակնկալելն անիմաստ է: Այնուհետև նա հավելեց. «Երբևէ միջազգային քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանին չի դատի մարտի 1-ի համար: Այնինչ քաղաքական գործիչներն իրենց օրակարգում շատ ժամանակ անիմաստ շահարկում են միջազգային քրեական դատարանը՝ ասելով, թե Քոչարյանին ուղարկելու են այնտեղ, դիմում են ներկայացրել, դիմումն էլ ընդունվել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031