ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի զեկույցի մասին իր ելույթում անդրադարձավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համախոհների սպառնալիքներին:
Նա ասաց, որ դժգոհող քաղաքացիներն առաջին հերթին մատնանշում են անարդարությունը երկրում, կոռուպցիան, իրավական եւ դատական համակարգի հանդեպ անվստահությունը. «Բնական է, որ պաշտպանի զեկույցում կարմիր թելով անցնում է իրավապահ համակարգի հանդեպ անարդարության, դատարանների ոչ անկախ լինելու թեզը: Դա միանգամայն բնական, օրինաչափ եւ տրամաբանական է: Չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի գոնե մեկ քաղաքացի, որը կհավատա, որ մեր դատական համակարգն արդար է, որը կհավատա, որ ՀՀ դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում: Եթե կգտնվի նման քաղաքացի, ապա մենք այդ քաղաքացուն կներկայացնենք Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բացառիկ այլ տրամաբանություն ունեցող քաղաքացի: Այլապես հնարավոր չէ որեւէ սթափ տրամաբանությամբ բացատրել, թե ինչպես է հնարավոր մի անչափահասի՝ Շահեն Հարությունյանին, օրինակ, հասկանալի չէ թե ինչի համար դատապարտել թեկուզ 4 տարի պայմանական ազատազրկման, մինչդեռ մեկ այլ երիտասարդի սյունյաց արքունիքից խիստ կոնկրետ հանցագործության համար մեկ օր անգամ պատժի չենթարկել:
Սյունյաց տխրահռչակ մարզպետի «տարեգիրը», «գրագիրը»՝ խորհրդականը, տեւական ժամանակ է հանդես է գալիս խիստ կոնկրետ սպառնալիքներով: Այսօր էլ, քանի որ «դասականներին» պետք է ցիտել բնօրինակներից, թույլ տվեք ցիտել բնօրինակից՝ խոստացել է «արյան բաղնիքներ սարքել»: Ես իհարկե հասկանում եմ, որ Սյունիքի մարզպետի աշխատանքային առօրյա ռեժիմում է ահաբեկել, սպառնալ, սպանել, կրակել, վախեցնել եւ բնականաբար, նրա «տարեգիրն» այսպիսի բառապաշարով պիտի իր մտքի գոհարները շարադրեր իշխանությունների հովանավորությամբ գործող ԶԼՄ-ներում, բայց հայտնի խոսք կա՝ ուժը ծնում է ուժ»:
Նաիրա Զոհրաբյանը Կարեն Անդրեասյանի ուշադրությունը հրավիրեց նման կարգի «արյան բաղնիքների» սպառնալիքների վրա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ