Երեկ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի մասին իրենց տեսակետները ներկայացնելիս ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը եւ Էդմոն Մարուքյանը քննադատեցին Կարեն Անդրեասյանին:
Կորյուն Նահապետյանը դիտողություն էր արել Կարեն Անդրեասյանին, որ երբ կանչել են իրենց հանձնաժողով՝ մի հարցի քննարկմանը մասնակցելու, օմբուդսմենը չի եկել: Էդմոն Մարուքյանն էլ պատմել էր, որ Կարեն Անդրեասյանը իրեն եւ Ալեքսանդր Արզումանյանին հրավիրել է օմբուդսմենի գրասենյակ՝ քննարկման, սակայն ինքը չի եկել: Պատգամավորները մինչեւ վերջ սպասել են, իմացել են, որ Կարեն Անդրեասյանը Հայաստանում է, սակայն չի եկել՝ վիրավորելով պատգամավորներին:
Այսօր Կարեն Անդրեասյանը պատասխանեց վիրավորված պատգամավորներին. «Մարդու իրավունքների պաշտպանը մեկն է, եւ խնդիրները, ոլորտները տասնյակներ են: Եթե որեւէ պատգամավոր, որեւէ կառույց իր ամբիցիայից ցածր է տեսնում համագործակցել ոչ թե անձամբ ինձ հետ, այլ իմ տեղակալի, իմ խորհրդականի կամ մեր աշխատակազմում աշխատող 34 մյուս իրավապաշտպանների հետ, ապա առանց վրդովվելու հայտնեք, ես կփոխեմ իմ օրակարգը, չեմ հասցնի մի տեղ, կգամ այդ հանդիպմանը: Բոլոր տեսակի հանդիպումներին, ժողովներին, քննարկումներին ես ներկայանում եմ իմ աշխատակազմով: Կա տեղակալ արդար դատաքննության իրավունքների հարցով, սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով, տեղակալ՝ զինծառայողների իրավունքների հարցով, կա խորհրդական՝ կանանց եւ երեխաների իրավունքների հարցով, փախստականների եւ հաշմանդամություն ունեցողների հարցով: Ես եւ իմ աշխատակազմը ձեր եւ բոլոր կառույցների տրամադրության տակ ենք, որպեսզի կարողանանք գեթ մեկ մարդու կյանքում գեթ մեկ ավելի լավ բան անենք»:
Պաշտպանը նաեւ դժգոհեց, որ պատգամավորները փորձում են հարցերը անձնավորել, վնասել օմբուդսմենին. «Չեմ գտնում, որ ԱԺ-ն այն տեղն է, որտեղ ես պետք է փորձեմ արդարանամ կամ պաշտպանվեմ: Ես բարձրացնում եմ խնդիրներ՝ ակնկալելով փոխգործակցություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ