Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդին սպանված Կարեն Եսայանին ասել է. «Կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի»

Հոկտեմբեր 21,2014 13:12

«Հիմնավորվել է, որ Հարություն Սարգսյանը Կարեն Եսայանի սպանության հետ կապ ունենալ չէր կարող: Գոյություն չունի որևէ ապացույց, վարկածներ ընդամենը, որոնց հիման վրա Հարություն Սարգսյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման: Պետք է այդ գործը քննվեր վերաքննության կարգով, ինչը չեղավ: Եթե ՀՀ-ում արդարադատություն կա, այդ դեպքում անմեղ անձը չէր կարող գտնվել ազատազրկման մեջ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ վրդովվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված, Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդի Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Ըստ մեղադրանքի՝ խանդի հողի վրա Հարություն Սարգսյանը սպանել է Կարեն Եսայանին, մինչդեռ Լուսինե Սահակյանը պնդում է, որ Վարդան Ղուկասյանի դուստրն ու Հարություն Սարգսյանը ընդհանրապես իրար չեն էլ ճանաչել:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան` բեկանելու առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների որոշումը, սակայն դեռ պատասխան չկա:

Պաշտպանը անդրադարձավ նաև գործի մանրամասներին, նախաքննական մարմնի սխալների եւ կամայականություններին. «Կարեն Եսայանը փորձում էր նշանադրվել Վարդան Ղուկասյանի դստեր հետ, սակայն Վարդան Ղուկասյանն անընդհատ մերժում էր, ամիսներ անց համաձայնվում է Ղուկասյանը եւ նշանադրության օրը նշանակվում է ապրիլի 12-ին: Մինչեւ նշանադրությունը Կարեն Եսայանին սկսում են հետապնդել, նա անընդհատ ահաբեկված վիճակում է գտնվում: Նշանադրության նախորդ օրը Կարեն Եսայանը մեքենան տանում է լվանալու, որից հետո ըստ նախաքննական մարմնի` նա գնացել է տուն, սակայն դատավարության ընթացքում արդեն պարզվեց, որ Կարենը գնացել է կիսաքանդ տուն, որտեղ հանդիպել է Սպարտակ Ղուկասյանի եւ նրա ընկերների հետ: Սպարտակ Ղուկասյանը պահանջել է նշանադրությանը չգնալ` ասելով` կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի: Այնուհետեւ արդեն Վարդան Ղուկասյանն արդեն Սպարտակ Ղուկասյանին հիշեցնում է իր եղբոր դստեր հետ տեղի ունեցած ողբերգությունը. Վարդան Ղուկասյանի եղբոր դուստրը տարիներ առաջ ցանկացել է նշանադրվել մի տղայի հետ, սակայն Վարդան Ղուկասյանը թույլ չի տալիս, որից հետո այդ տղան սպանվում է, իսկ աղջիկն էլ ինքնասպանություն է գործում: Այս դեպքն էլ հետ չի պահում Սպարտակ Ղուկասյանին եւ նա խոսում է Կարենի հետ»:

Փաստաբանի խոսքով` ավելի քան տարօրինակ է, որ Կարեն Եսայանի անհետանալուց ընդամենը 40 րոպե անց Վարդան Ղուկասյանի կողմնակիցները սկսում են նրան որոնել, հայտնաբերում, տեսագրություններ:

Լուսինե Սահակյանը կարծում է, որ «Իրականում ոստիկանությունը ցանկանում էր, որ այս ամենը բարդվեր հենց Հարություն Սարգսյանի վրա: Ուստի ոչ մեկ չի փորձում պարզել, թե ում հետ է խոսել Կարենը:

Վարդան Ղուկասյանի կողմնակիցները վերցնում են տեսագրությունները եւ 15 րոպեում գտնում են կադրեր եւ ներկայացնում ոստիկանություն:

«Ոստիկանությունն ամեն ինչ անում էր, որ այս գործով Հարություն Սարգսյանը պատժվի»:
Լուսինե Սահակյանը նաև նշեց, որ Աշոտ Կարապետյանն ու Կարեն Բաբակեխյանն անձամբ են ծեծի ենթարկել Հարություն Սարգսյանին, որ նա ընդունի, որ ինքն է սպանել Կարեն Եսայանին:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» ղեկավար Ավետիք Իշխանյանը վստահեցրեց, որ խոշտանգման առումով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Հարությունը խոշտանգվել է ոստիկանության բաժանմունքում, դա արդեն մեր խնդիրն էր: Փաստորեն, լուրջ դեմքով երկու աստիճանի դատավորներ սկսում են դատավարություն իրականացնել այն դեպքում, որ որևէ ապացույց չկա: Սա՞ է ՀՀ արդարադատության համակարգը: ՀՀ-ում պայմանական է նախկին իշխանություն ասելը, ամեն դեպքում շատ նախկիններ իրենց ազդեցության ոլորտներն ունեն: Ինչ-որ մեկին պետք էր պատժել, քանի որ չէր կարող նման ազդեցիկ մարդու հարազատի սպանությունը անպատիժ թողնվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031