Ադրբեջանական փախստականների համագումարի նախագահության անդամներն այսօր հանդիպեցին իրենց «Արեւմտյան Հայաստանի պետության խորհրդարանի ու կառավարության» ղեկավարներ հռչակած Տիգրան Փաշաբեզյանի եւ Արմեն Տեր-Սարգսյանի հետ:
Նրանք քննարկեցին արեւմտահայերի իրավունքների վերականգնման եւ արեւելահայերի խնդիրների լուծման հարցերը:
Ադրբեջանական փախստականների համագումարի նախագահ Մարիամ Ավագյանն ասաց, որ 2010-ին բոլոր դռները ծեծել են՝ աջակցություն ստանալու համար, բայց ոչ սփյուռքի նախարարությունը, ոչ այլ գերատեսչությունները չաջակցեցին: Ըստ նրա,
ԱԺ որոշ պատգամավորներ էին խոստացել են, որ իրենց հարցը պետական մակարդակով քննարկման դրվի, կլիազորվեն պետական մակարդակով ադրբեջանցի փախստականների հարցերը բարձրացնել, բայց ոչինչ չարեցին այդ ուղղությամբ:
Իրեն «Արեւմտյան Հայաստանի» վարչապետ համարող պարոն Փաշաբեզյանն էլ ասաց, որ 88-90 եւ 90-94 թվականների իրադարձությունները հայերի նկատմամբ հանցագործությունների շղթայում է դիտում. «Վեց հարյուր հազարի հայեր ենթարկվեցին ցեղասպանության Ադրբեջանում, զրկվեցին իրենց բնակության վայրերից, դարձան տարագիր ու անօթեւան, եւ այդ խնդիրն այդպես էլ բաց մնաց»:
Կարդացեք նաև
Ադրբեջանական փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանն էլ ասաց, որ հայերն այսօր ոչ միայն հայրենատիրության, փոխհատուցման պահանջներ ունեն, այլեւ տարածաշրջանում հայ ժողովրդի գոյության պահպանման խնդիրն ունեն: Ըստ նրա, այսօր էլ հայերի գոյությունը վտանգված է, քանի դեռ տարածաշրջանում են Ֆաշիստական ռեժիմներ՝ ի դեմս Բաքվի ռեժիմի եւ թուրքական պետության. «Նրանք մշտապես կարողանում են օգտվել միջազգային իրադրություններից, գերտերությունների հովանավորչությունն են վայելում եւ նրանց սպասարկողներն են դառնում եւ դրանից օգտվելով նաեւ իրենց շահերն են իրականացնում տարածաշրջանում: Այս ռեժիմների դեմ պետք է քայլեր անենք ու միջազգային հանրությանը ներկայացնենք, որ դրանք հովանավորվում են հատուկ պետությունների կողմից, որոնք իրենց շահերն ունեն տարածաշրջանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ