Այսօրվա գեղջուկ Հայաստանը, կար ժամանակ, որ աշխարհիս ամենից արիստոկրատ երկիրն էր:
Նիկողայոս Ադոնց
Ո՞ն է հայոց մեծագույն ողբերգությունը: Անկասկած՝ ցեղասպանությունը և հայրենիքի կորուստը քսաներորդ դարում: Այն լայնորեն քննարկվում է գիտության մեջ, արտացոլվում արվեստի ստեղծագործություններում և՛մեզանում, և՛ ամբողջ աշխարհում: Ես այստեղ ուզում եմ խոսել մեր մեկ այլ կարևոր ողբերգության մասին, որի մասին շատ չի խոսվում:
Միջնադարյան Ֆրանսիայում հասարակությունը բաժանում էին երեք դասերի՝ առաջին՝ հոգևորականություն, երկրորդ՝ ազնվականություն և երրորդ՝ քաղաքի և գյուղի համայնական բնակիչներ՝ ազատներ և ճորտեր: Առաջին երկու դասը արտոնյալ էին, հարկեր չէին մուծում: Իշխանության բուրգը ձևավորվում էր այսպես՝ արքա (գլխավոր ազնվական և աշխարհիկ ղեկավար), կրոնական ղեկավար՝ կարդինալ, ապա՝ ազնվականություն, հոգևորականություն և ժողովուրդ: Ընդ որում, հոգևորականության բարձրագույն դեմքերը նույնպես ազնվականներ էին: Ազնվականությունը երկրի տանող ուժն էր, ժողովրդի առաջնորդը և, հատկապես, ռազմական գործառություն իրականացնողը: Նրանք էին կազմում պրոֆեսիոնալ զինվոր-ասպետների դասը և նրանցից էին նշանակվում բոլոր հրամանատարները: 1789 թվականի հեղափոխությունից առաջ ազնվականությունը կազմում էր երկրի բնակչության մեկ տոկոսը: Ահա այդ մեկ տոկոսն էր, որ ձևավորում էր պետության կառավարումը՝ քաղաքացիական իշխանությունը, ռազմական գործը և բարձրագույն հոգևոր իշխանությունը:
Մոտավորապես նույն պատկերն է եղել Եվրոպայում ամենուրեք: Մեծ Բրիտանիայում մինչև հիմա էլ պահպանվում է հասարակության ձևական բաժանումը ազնվական, հոգևորական և համայնական դասերի (ընդ որում, ցածր հոգևորականությունը մտնում է համայնականների մեջ): Ռուսական կայսրության մեջ՝ ցար, արքունիք, ազնվականություն, հոգևորականություն, ապա՝ քաղաքացիներ, գյուղացիներ, վաճառականներ, արհեստավորներ, ազատներ և ճորտեր:
Կարդացեք նաև
Այսպես է եղել պետություններում: Բայց նույնիսկ հազարամյակներ առաջ հնդեվրոպական հասարակություններում տարբերակել են երեք դասեր՝ քրմական, ռազմական և համայնական: Այդ պատկերն է ի հայտ է գալիս նաև հնդեվրոպական ժողովուրդների առասպելներում, ուր աստվածները և հերոսները բաժանված են ըստ այդ գործառությունների: Ահա այդ երկրորդ գործառության կրողը՝ ֆրանսիական տերմինով «երկրորդ դասն» էր կոչված կարգավորելու հասարակության պաշտպանությունը:
Հին Հայաստանը զարգացած կառուցվածքով ֆեոդալական երկիր էր: Կար արքա և հզոր ազնվականություն՝ մեծ իշխաններ՝ նախարարներ և մանր ազնվականներ, ապա՝ կաթողիկոս և հոգևորականություն, որի բարձրագույն հատվածը նույնպես ազնվականությունից էր: Սրանց հետևում էր համայնական ժողովուրդը՝ քաղաքաբնակներ, գյուղացիներ, շինականներ, ռամիկներ: Պետականության կորստից հետո տիրապետող կայսրությունների՝ Պարսկաստանի կամ Բյուզանդիայի իշխանությունը տեղում իրականացվում էր նախարարների և ազնվականության միջոցով:
Այդ նախարարներից Բագրատունիները կարողացան մի քանի դար անց վերստեղծել հայոց պետականությունը: Սակայն Բագրատունիների անկումից հետո հայերը սկսեցին կորցնել իրենց ազնվականությունը: Արաբները, սելջուկները, մոնղոլները, բոլոր այլազգի իշխողներն էլ իրենց նպաստն են բերել հայ ազնվականության կործանման գործում: Այսպես, արաբները VIII դարի սկզբում իրենց մոտ են հրավիրում մի քանի հարյուր հայ ազնվականների՝ նախարարների, զորականների ու սեպուհների, որոնց ուխտադրժորեն լցնում են Նախիջևանի Խրամ գյուղի եկեղեցին ու ողջ-ողջ այրում: Առանց իշխող դասի ժողովրդին շատ ավելի հեշտ է տիրել:
Հայ ազնվականությունը, կարելի է ասել, որ վերացավ մոնղոլներից հետո: Նրանցից շատերն արդեն զոհվել-վերջացել էին կռիվներում, ինչպես Մամիկոնյանները: Նրանց մի մասը, մանրանալով, լուծվեց ժողովրդի մեջ, իսկ մյուսը, չուզենալով լինել ստորացված կարգավիճակում, իսլամ ընդունեց և վերացավ որպես հայ:
Հայոց հասարակությունը կորցրեց իր տիրապետող դասը: Մնացին հոգևորականները և հասարակ, ստրկացված ժողովուրդը: Ընդ որում, չկային նաև արիստոկրատ, բարձր դասի հոգևորականներ: Նախկին ազնվականությունը փոխարինվեց օտար տիրողներով: Եթե առաջ ժողովրդի վերևում հայ ֆեոդալն էր, իր հայ զորքով, ապա այժմ՝ այլազգի և այլակրոն ֆեոդալը, աստիճանավորը կամ, ավելի վատ՝ ցեղապետը: Եթե առաջ հայ ֆեոդալի առջև պիտի խոնարհվեին հայ ռամիկներն ու շինականները, ապա հիմա նրանց տերերն այլազգիներն էին:
Այսինքն, մեր ժողովուրդը բաղկացած էր առաջին և երրորդ դասերից: Քրիստոնյա հոգևորականությունը, ենթարկվելով և ծառայելով իշխողներին, կատարում էր իր հոգևոր միսիան: Բայց քրիստոնեական կրոնավորը չի կարող ռազմական ֆունկցիա կատարել, մեր կրոնի բարոյականությունն ուրիշ է: Եվ մեր հոգևոր դասն էլ ժողովրդական էր, այնպիսին, որին Մեծ Բրիտանիայում մտցնում են համայնական դասի մեջ: Եկեղեցին օգնում էր, որ ժողովուրդը կարողանա ապրել, գոյատևել, թեկուզ ստրկացված վիճակում, ենթարկվի իշխանություններին և պայքարում, որ պահպանի իր կրոնը: Աստծունը՝ աստծուն, կեսարինը՝ կեսարին: Պետք էր ստորացված, գլուխը կախ ենթարկվել օտար «կեսարի» իշխանությանը և մնալ քրիստոնյա, այսպիսով լինելով երկրի երկրորդ կարգի, բայց իշխանությանը և եկեղեցուն ենթարկվող և կերակրող հասարակություն:
Այդ վիճակում գտնվող ժողովուրդը չուներ մարդկային և ազգային արժանապատվության կրողներ, ռազմական գործին նվիրած մարդկանց խմբեր: Այդ ժողովուրդը չէր կարող համախմբվել և պաշտպանվել օտարից: Այդ ժողովրդի արժեքային համակարգը դառնում է «երրորդ դասային»՝ փող, շահ, բայց ոչ երբեք՝ հերոսություն, քաջություն, ազնվություն, ասպետություն, ռազմական գործ, արժանապատվություն: Այդպիսի ժողովրդին հեշտ է ոչնչացնել:
XVII-XIX դարերում ստեղծվող նոր խավը՝ լուսավորյալ մտավորականության և հոգևորականության ներկայացուցիչները պիտի փոխարինեին ազնվականությանը, կերտեին նոր հասարակություն, դառնային նրա առաջատարները և պայքարի առաջամարտիկները: Եվ դարձան, և դառնում էին: Բայց, ի վերջո, հսկայական կորուստներ ունեցանք: Եվ պահպանեցինք, ահա, այս փոքր Հայաստանը:
Սա իհարկե, առաջին մոտեցմամբ է մատուցվում, ընդհանուր գծերով: Իրականությունը շատ ավելի բարդ և ոչ միարժեք է եղել: Որոշ տեղերում պահպանվել էին ազնվականության մնացորդները: Եվ Ղարաբաղի ու Սյունիքի նոր պատմությունը այդ ազնվականության բեկորների վրա հիմնված հերոսական հաղթանակներ բերեց մեզ:
Ի հակադրություն հայերի, վրացական արիստոկրատիան պահպանվեց: Մինչև Ռուսաստանին միանալը նրանց մոտ պահպանվել էր պետականությունը, թեև, թույլ, ճնշված ձևով, բայց պահպանվել էր: Իսկ արիստոկրատիան, կարելի է ասել, հասել է մինչև մեր ժամանակներ: Նույնիսկ սովետական տարիներին նրանց վերնախավում միշտ առկա է եղել ազնվականությունը, նույնիսկ՝ բարձր ազնվականությունը: Այդ ազնվականներն օտարազգիների, նաև հայերի համար ծաղրի առարկա են եղել: «Ամեն մի դռնապան Վրաստանում իշխան է»: Բայց ինչպես գրում է Ադոնցը, հենց այդպես է եղել մի ժամանակ Հայաստանում:
Վրացիները կազմում էին Վրաստանի արիստոկրատիան և գյուղացիությունը, իսկ քաղաքային բնակչությունը և բուրժուազիան հայերն էին: Այսինքն, նրանց ազգային հասարակությունն էլ թերի էր և լրացվում էր հայերով՝ մեկ այլ թերի հասարակություն ունեցող ժողովրդով: Այսպիսի սիմբիոտիկ՝ փոխօգնության վիճակը նպաստում էր երկրի առաջընթացին: Մյուս կողմից այդ իրավիճակը հիմք էր դառնում հակահայկականության և հայատյացության համար, որոնք արդեն դասակարգային բնույթ էր կրում:
Ինչևէ, անցան արիստոկրատիայի դարերը: Եվրոպական ժողովուրդները ապստամբեցին արիստոկրատիայի իշխանության դեմ և կործանեցին այն: Բայց կար պետություն, և ձևավորվեցին նոր մարդիկ՝ ավելի արժանապատիվ, ավելի խիզախ, ավելի նվիրված, քան արիստոկրատները: Հիշենք նապոլեոնյան պատերազմների մարշալներին և հերոսներին: Այդպիսի բարձունքի երբեք չէր հասել ֆրանսիական բանակը արիստոկրատիայի ղեկավարության պայմաններում:
Հիմա այլ քամիներ են փչում աշխարհում: Բայց արիստոկրատիայի բացակայության իներցիան շարունակվում է մեզանում: Մենք, հայերս, կարողացա՞նք ազնվականությանը փոխարինող, ինչ-որ արժեքներ դավանող մի վերնախավ ձևավորել: Սովետական ժամանակներում այդ դերը որոշ չափով կատարում էր մտավորականությունը՝ Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Վիկտոր Համբարձումյանը ժողովրդի համար ամենահեղինակավոր դեմքերն էին: Կային և այլ անուններ:
Հիմա դա չկա: Մեր վերնախավը իշխանություններն են՝ պատգամավորները, նախարարները, նորահարուստները, իրենց մերձավորներով, թիկնապահներով և հացկատակներով: Այդ վերնախավը չունի բարձր բարոյական կերպար, ազնվություն, հերոսականություն, հայրենասիրություն… Եվ կիրթ չէ՝ ոչ կիրթ լինելը, ոչ էլ բարոյական արժեքներն են մարդուն դարձնում պատգամավոր, նախարար կամ նորահարուստ:
Մեր վերնախավի բարոյական և գեղագիտական արժեքներն են ձևական հավատացյալությունը և ռաբիս երաժշտությունը: Վերնախավն էլ թելադրում է իր արժեքները ժողովրդին: Վայրի, պլեբեյական իշխանություն, պլեբեյական վերնախավ: Եվ ոչ թե ծագման, այլ ոգու, հոգու պլեբեյություն… Պլեբեյական երկիր է և ԱՄՆ-ն: Ժողովուրդը՝ ոչ կիրթ, իրենց ռաբիսի մեջ եփվող: Բնակչության համար աստղեր են հիմնականում մեծ մասսայականություն ձեռք բերած, բայց ոչ բարձրակարգ երգիչներն ու դերասանները: Բայց ի՜նչ վերնախավ: Գիտական կենտրոններ ու համալսարաններ, որտեղ վխտում են նոբելյան մրցանակակիրները:
Իսկ մեզանում մտավորական վերնախավին փոխարինում են «հանրահայտ երգիչներն ու սիրված աստղերը»: Ահա նրանք են, որոնց հարցազրույցները պահանջված են, նրանց կարծիքներն են լսում ու նրանց են հետևում մարդիկ: Այս երևույթը կա ամենուրեք: Բայց այլուրեք կա հասարակության մեջ ինչ-որ հեղինակություն ունեցող մտավորական, հոգու վերնախավ, իսկ մեզանում՝ ոչ: Եվ նրանք են, որ փոխարինում են Իսահակյանին, Սարյանին ու Համբարձումյանին:
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ազնվականությունը և ազնիվ մտավորականությունը միշ էլ կլինի: Այլ հարց է, թե նրա ձայնը պահանջված է, թե ոչ: Երբ որ խոնարհվում ենք կեղծ կուռքերին, հարգելի հեղինակ, անկախ մեզանից քամակ ենք անում մեր թիկունքն անխոս պահպանողներին: Քիչ պետք է խոնարհվել: