Հատված ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հարցազրույցից:
-Ընդդիմությունը խիստ յուրովի է մեկնաբանում նախագահականի տարածած հայտարարությունը, թե հանրապետության նախագահը միայն 2015թ. փետրվար-մարտ ամիսներին կներկայացնի իր դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ։ Իբր Սերժ Սարգսյանը, եռյակի հանրահավաքային արշավից սարսափած, նահանջում է։
-Եթե մի բառով ասեմ՝ դա ուղղակի անլուրջ է։ Ավելին՝ ծիծաղելի է։ Եթե իրենք ուրախանում են ամեն փոքր բանից, թո՛ղ ուրախանան՝ կարծում եմ, առաջիկայում ուրախանալու էլի առիթներ կունենան։
Իսկ եթե ավելի լուրջ՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ոտքի վրա կամ ձեռքի հետ ընդունվող փաստաթուղթ չէ՝ իրավաքաղաքական լուրջ փաստաթուղթ է, որ կանխորոշում է մեր պետության զարգացման հեռանկարը։ Անկեղծ լինելու դեպքում նրանք պետք է ընդամենը գոհունակություն հայտնեին հանրապետության նախագահի շրջահայացության կապակցությամբ. եթե միանգամից ստորագրեր, ասելու էին՝ առանց քաղաքական քննարկման դնելու «շըփ-թըփ» արեցին, անցկացրին։
Կարդացեք նաև
Հիմա, երբ հնարավորություն է ստեղծվել քննարկումներ ծավալելու եւ փաստաթղթի շուրջ քաղաքական կոնսենսուս ձեւավորելու, ասում են՝ վախեցան։ Մեկ է՝ ինչ էլ անենք, իրենք իրենցն են ասելու, դրա համար էլ բանավիճելն անիմաստ եմ համարում։
Գիտեք, որ ՀՀԿ խորհրդի նիստում այդ հարցը քննարկվել է, եւ հանրապետության նախագահն իր ելույթում հստակ նշել է՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հրապարակվելուց հետո պետք է լուրջ քննարկում անցնի քաղաքական ուժերի հետ։ Հիմա, եթե այդ մարդիկ «լուրջ քննարկում» ասելով՝ նկատի ունեն մի շաբաթ, մեզ համար լուրջը մի քանի ամիսն է, այնպես որ պետք է հիասթափեցնեմ մեր ընդդիմադիր գործընկերներին։
– Հանրապետականը ո՞ր դեպքում կհամարի, որ կա քաղաքական կոնսենսուս այդ հարցի շուրջ։ Եթե, օրինակ, եռյակը չփոխի իր մոտեցումը, կարելի՞ է ասել, որ դրա քաղաքական պահանջարկը դեռ չի հասունացել։
-Առհասարակ ես լավատես եմ եւ հույս ունեմ, որ առողջ բանականությունը կհաղթի. քաղաքական ուժերը, ի վերջո, կհասկանան, որ միայն պիտակավորելով չէ. անհրաժեշտ են քննարկումներ։ Բայց կանխատեսել, թե վաղը ինչպիսին կլինի եռյակի դիրքորոշումը՝ անշնորհակալ գործ է, որովհետեւ այդ մարդիկ 6 ամիսը մեկ փոխում են իրենց որոշումները։
Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի մասին 2008-ին լրիվ ուրիշ բան էր ասում, հիմա այդ մարդկանց հետ հանրահավաք է անում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, չմոտեցավ՝ արհամարհեց։ Երբ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի թեկնածու առաջադրվեց՝ ՀԱԿ-ը չպաշտպանեց նրա թեկնածությունը։ Ավելին՝ Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ գնացի քաղաքական թոշակի, հիմա եկել՝ միտինգ է անում…
2012թ. նույն ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» խորհրդարանական համակարգի անցնելու խնդիր էին բարձրացնում, հիմա ասում են՝ դրա ժամանակը չէ։ Դրա համար էլ ասում եմ՝ առողջ տրամաբանության շրջանակներում նրանց քաղաքական վարքագծին գնահատական տալը, կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։ Այդ առումով, կոնսենսուսի մասին խոսելը դեռ վաղ է. մինչեւ մարտ դեռ բավական ժամանակ կա։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում