Մոնսերատ Կաբալիեի այցը ինքնին էական էր, նախ այն տեսանկյունից, որ, ինչպես հիշում եք, անցյալ տարվա հունվարին Արցախ մեկնելուց հետո, ադրբեջանական իշխանություններն այնքան անուղեղ գտնվեցին, որ աշխարհահռչակ երգչուհուն, որը նաեւ ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է, ներառեցին իրենց տխրահռչակ «սեւ ցուցակի» մեջ: Նման «ցուցակագրումն» ինքնին ծիծաղելի է:
Իսկ Մոնսերատ Կաբալիեն, որ դեռ նախորդ այցի ժամանակ տպավորվել էր Արցախ աշխարհի քրիստոնեական ժառանգությամբ, բնությամբ եւ մարդկանցով, պարզորոշ ու գործնականում հասկացրեց, թե ինչն է իրեն համար ավելի կարեւոր, եւ որ ինչ-որ սեւ ցուցակներում իր անունը գրելը բացարձակապես որեւէ արժեք չունի:
Եթե կուզեք, ապա Արցախի միջազգային ճանաչման տեսանկյունից նման քայլերն անհամեմատ ավելի մեծ արժեք ունեն, քան այս կամ այն քաղաքական գործչի որեւէ արտահայտություն: Համենայն դեպս Մոնսերատ Կաբալիեի քայլը հուշում է, որ մշակույթի, արվեստի համաշխարհային մեծությունների ներգրավման առումով կարելի է եւ պետք է քայլեր ձեռնարկել, օգտագործել այդ հնարավորությունը:
Առավել եւս, որ Հայոց միջնաբերդ Արցախը թե՛ մշակույթի, թե՛ արվեստի, թե՛ ճարտարապետության, թե՛ առհասարակ քաղաքակրթական առումներով ներկայանալու շատ բան ունի: Եթե կուզեք, դա մեր ամենագործուն հակակշիռն է ադրբեջանական նավթադոլարների դեմ: Ի վերջո, կան բաներ, որ ոչ մի նավթադոլարով չեն գնվում եւ վաճառվում:
Կարդացեք նաև
Մոնսերատ Կաբալիեի արարքը ասվածի ամենավառ ու թարմ ապացույցն է: Հարցը միայն Արցախ այցելելը չէ: Նախորդ այցի արդյունքը եղավ անցյալ տարվա դեկտեմբերին երգչուհու թողարկած «Հայաստան-Արցախ. քրիստոնեության կղզյակ» երաժշտական ալբոմը, որտեղ, ի լրումն, ներկայացված է նաեւ Արցախի 7 վանքերի ու եկեղեցիների պատմությունը: Ու հենց այդ շնորհանդեսի ժամանակ էլ, որ տեղի էր ունեցել Փարիզում, Մոնսերատ Կաբալիեն խոստացել էր եւս մեկ անգամ այցելել Արցախ՝ այս անգամ նաեւ համերգային ելույթ ունենալու համար:
Եվ դա տեղի ունեցավ: Ստեփանակերտի կենտրոնում բացված տեսարանը, երբ հազարավոր ունկնդիրներ լցրել են Վերածննդի հրապարակը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ Սրբազանի գլխավորությամբ, իսկ բեմից, Մոնսերատ Կաբալիեի ուղղակի հիասքանչ կատարմամբ հնչում է Կոմիտասի «Կռունկը», մի տեսակ մոգական ու անդիմադրելի լիցք կամ ավելի շուտ ազդակ ուներ: Դա իսկապես հզոր դրսեւորում էր:
Առավել եւս, որ Մոնսերատ Կաբալիեն ոչ միայն համերգով հանդես եկավ, այլեւ ներկա գտնվեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի վերաբացմանը (նորոգումից հետո): Այստեղ, հասկանալի է, թերեւս, երգչուհու անունը կրող դասարան է նաեւ բացվել, ու հետաքրքիր է, որ Մոնսերատ Կաբալիեն խոստացել է լավագույն մասնագետների հրավիրել Արցախ, որպեսզի նրանք վարպետության դասեր անցկացնեն քոլեջի սաների հետ:
Չգիտեմ, թե այլոց դեպքում ինչպես, բայց կոնկրետ Մոնսերատ Կաբալիեի այս այցը, Ստեփանակերտում ունեցած համերգը, ընդհանուր ֆոնն ու մթնոլորտը, որ կար հանրահայտ երգչուհու այցի ընթացքում, իսկապես ոգեւորիչ մեծ լիցք ունեն:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում