Իրականում այս պահին՝ ստեղծված քաղաքական խճանկարի ֆոնին, ամենից անհեթեթ վիճակում հայտնվել է հենց ՀՅԴ-ն։ Քաղաքական այս ուժն այսօր փաստացի ինքն իրեն դուրս է դրել ընդդիմությունից։ Այս գործելաոճը դաշնակցության համար նորություն չէ. նա այդպես է վարվել այն բոլոր դեպքերում, երբ իշխանությունը նրան ինչ-որ բան է առաջարկել։ Եվ իր ծախու կերպարն ու ավարը ՀՅԴ-ն մշտապես բացատրել է իր համար սկզբունքային որեւէ հարցում իշխանության՝ զիջում անելու փաստով։ Այս անգամ, սակայն, իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Բանն այն է, որ ՀՅԴ-ն, ընդառաջ գնալով Սերժ Սարգսյանին, համաձայնեց քննարկման նստել սահմանադրական փոփոխությունների շուրջ։ ՀՅԴ համաձայնությանը հետեւեց Սերժ Սարգսյանի նրան առանց քաղաքական օրակարգի թողնելու պատասխան քայլը։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առայժմ տեսակետ չունի, եւ հնարավոր է այն առաջանա 4-5 ամիս հետո։ Հիմա հարց է առաջանում՝ ինչով պետք է զբաղվի ՀՅԴ-ն առաջիկա 4-5 ամիսներին, մեղմ ասած՝ ոչ մի բանով։ Դաշնակցությանը մնում է բռնել քաղաքական խոպանի ճանապարհը եւ համալրել իշխանության հաճախորդների բանակը՝ լծվելով Եռյակին քննադատելու գործին։ Համաձայնեք, որ 125-ամյա քաղաքական ուժի համար սա բավականին էժանագին զբաղմունք է։
Եռյակը որոշել է բացարձակապես չանդրադառնալ ՀՅԴ-ի հայտարարություններին՝ դրանք թողնելով առանց մեկնաբանության։
Իսկ սա արդեն լրացուցիչ դժվարություն է ստեղծելու ՀՅԴ-ի համար։ Ստացվում է, որ Եռյակը եւս իր հերթին զրկում է ՀՅԴ-ին քաղաքական օրակարգից՝ նրա համար տեղ ապահովելով քաղաքական լուսանցքում։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում