Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախախորհրդարանի» հայտարարությունը. «Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ռեժիմի կատարած հանցավոր ոտնձգության վերաբերյալ»

Հոկտեմբեր 21,2014 11:26

Երեկ՝ ս.թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևան քաղաքին հարող ՀՀ մարզերի տարածքում Նախախորհրդարանի կազմակերպած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում ավտոերթի հետ կապ չունեցող մի քաղաքացի միջադեպ է սադրել ավտոերթի մասնակից Վահրամ Գաբրիելյանի հետ:

Վահրամ Գաբրիելյանը եղել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայով: Ավտոմեքենայում է եղել նաև Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նշված քաղաքացին միջադեպի ավարտին ներկայացել է որպես ոստիկան, լուսանկարել է Վ. Գաբրիելյանի ավտոմեքենան, ինչպես նաև ավտոմեքենայում նստած Վ. Գաբրիելյանին և Ա. Ենիգոմշյանին ու հեռացել: Այդ քաղաքացին եղել է առանց համազգեստի և չի ունեցել իրեն որպես ոստիկանության ծառայողի նույնականացնող որևէ այլ տարբերանշան:

Միջադեպից ավելի քան յոթ ժամ անց՝ ժամը 19:45-ի սահմաններում, երբ ավտոերթն արդեն ավարտված է եղել, Ալեք Ենիգոմշյանն ու Վահրամ Գաբրիելյանը վերջինիս ավտոմեքենայով վերադարձել են տուն: Նրանք հարևաններ են: Ճանապարհին՝ Երևանի Սայաթ-Նովա փողոցի և Ֆրանսիական հրապարակի միացման հատվածում՝ լուսացույցի տակ, ոստիկանության քրեական հետախուզության մի խումբ աշխատակիցներ Ալեք Ենիգոմշյանի կողմից բացել են ավտոմեքենայի դուռը, նրան կոպտորեն քաշքշելով իջեցրել են ավտոմեքենայից և թողել փողոցի բանուկ մասում, իսկ Վահրամ Գաբրելյանին իր ավտոմեքենայով բերման են ենթարկել:

Չնայած Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանները նրան՝ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին , դիտավորյալ կերպով դրել են կյանքի համար վտանգավոր վիճակում: Ոստիկանների այս արարքը հանցագործություն է և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին:

Այս անմարդկային և հանցավոր արարքի և դրա հետ կապված հանգամանքները փաստում են այն մասին, որ ռեժիմը նպատակային քայլեր է ձեռնարկում Նախախորհրդարանի գործողությունների դեմ, քանի որ դրանք նախատեսում են համաժողովրդական ճնշման միջոցով հեռացնել ռեժիմին:

Այդ նպատակով ռեժիմը գործում է մի քանի ուղղությամբ: Մասնավորապես՝ Նախախորհրդարանը ենթարկվում է տեղեկատվական շրջափակման և, զուգահեռաբար,՝ ոստիկանության և մյուս «իրավապահպան» մարմինների միջոցով փորձ է արվում ճնշում գործադրել, ինչի համար որպես թիրախ ռեժիմն ընտրել է Ալեք Ենիգոմշյանին, որպեսզի նրա նկատմամբ կատարածի օրինակով ցույց տա, որ բռնությունների հնարավոր թիրախների, ինչպես նաև դրանց ձևերի ու մեթոդների զինանոցի հարցում ինքը կաշկանդված չէ բարոյական և իրավական «սահմանափակումներով» ու պատրաստ է ցանկացած սահմռկելի արարքի:

Այս մասին են վկայում ոչ միայն վերը նշված, այլև ստորև բերվող հետևյալ փաստերը.
Ալեք Ենիգոմշյանը հանրահայտ մարդ է, բացի այդ՝ երեկ կեսօրին տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը լուսանկարել է նրան, ուստի ոստիկանությանը հաստատապես հայտնի պետք է լիներ նրա անձը:

Ծպտյալ ոստիկանի և Վահրամ Գաբրիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ արդեն քրեական վարույթ է իրականացվում՝ վերջինիս ի սկզբանե մեղավորի կերպարով ներկայացնելու, ինչպես նաև փաստերի, այդ թվում՝ նրան բերման ենթարկելու ժամի վերաբերյալ տվյալի, աղավաղմամբ:

Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ կատարած արարքի մասով քրեական գործ հարուցելու փոխարեն ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձի հրամանով ընդամենը ծառայողական քննություն է նշանակում, մինչդեռ կատարվածը ոչ թե կարգապահական խախտում է, այլ քրեական հանցագործություն, որի կատարողները հայտնի են ոստիկանությանը: Հատկանշական է նաև, որ տվյալ վայրում տեսախցիկներ կան, բացի այդ՝ այդտեղ մշտապես հերթապահում են ոստիկանության կարգախմբեր:
Նախախորհրդարանը հայտնում է իր վճռականությունը, որ անկախ ռեժիմի անմարդկային ու հանցավոր գործողություններից, հետևողականորեն շարունակելու է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ժողովրդին փողոց հանելու, ռեժիմին հեռացնելու և դրանից հետո նոր որակի հայկական պետություն կառուցելու իր ծրագրի իրագործումը:

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031