Հատված գրաքննադատ, գրող Ալեքսանդր Թոփչյանի հետ հարցազրույցից:
– Մենք ստորագրեցինք ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, տան փոքրի կարգավիճակով ենք այդտեղ լինելու, քանի որ նախաձեռնող երկիր չենք, այդ իսկ պատճառով վտանգված է մեր անկախությունը։ Անհասկանալի հանրահավաքներ են տեղի ունենում, հարթակում կանգնած են օլիգարխներ, մարդիկ, որոնցից պետք է զգուշանալ՝ մեղմ ասած, զգուշանալ նաեւ իշխանությունից, այսինքն՝ նույն մետաղադրամի երկու հարազատ երեսն են։ Քաոս, անհուսություն, նաեւ անելանելիություն է եւ արտաքին, եւ ներքին քաղաքական կյանքում։
– Ինձ այդ ամենը չի վախեցնում, ընդունենք՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, Թուրքիայի հետ նույնպես խնդիրներ չունենք, նաեւ արաբական ճգնաժամն է վերացել։ Վստա՞հ ենք արդյոք, որ մեզանում կվերանա կոռուպցիան, այս ծանոթ-խնամիական-բարեկամական ստրուկտուրան չի իշխելու երկրում, վստա՞հ ենք արդյոք, որ դատական համակարգն աշխատելու է անթերի, տաղանդների առջեւ ճանապարհ է բացվելու։ Չթվարկեմ, ես համոզված չեմ, ես դրանից եմ վախենում։ Ինձ մտահոգում է մեր ազգային նկարագիրը, որ ասում են, թե դու այնտեղ՝ իշխանության մեջ լինեիր, չէի՞ր գողանա, եւ ոչ ոք չի ասում՝ ոչ, չէի գողանա։ Սա է ահավորը, որ մեր մեջ արմատացած է, եթե եկել եմ, ուրեմն պետք է գողանամ, հապա ինչո՞ւ եմ եկել։ Մենք մեր ներսում պետք է ասենք՝ ոչ, ես որ լինեմ, չեմ անի. այդ գիտակցությանը պետք է հասնենք:
Հուսիկ ԱՐԱ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում