Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով վերջին մեկ տարում Հայաստանի բռնցքամարտիկների ձեռքբերումների մասին՝ ասաց. «Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ԱԻԲԱ-ում, միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն ձեռք բերել: Ո՞վ կպատկերացներ, որ ԱՄՆ-ը Հայաստանի ֆեդերացիայից իր սիրողական հավաքականը մարզելու համար պաշտոնապես մարզիչ կխնդրի: Նրանք դիմել են ինձ, որպեսզի ինքս մարդ առաջարկեմ:
Մեր բռնցքամարտիկները աշխարհի երիտասարդական առաջնությունում, Պատանեկան օլիմպիական խաղերում, «A» կարգի հինգ միջազգային մրցումներում ջախջախիչ հաղթանակներ են տարել շատ ուժեղ բռնցքամարտիկների նկատմամբ: Անգամ ԱԻԲԱ-ն իր պաշտոնական կայքէջում բազմիցս գրել է, որ Հայաստանի թիմը շատ արագ աճում է եւ սա արդեն այն թիմը չէ, ինչ էր մի քանի տարի առաջ:
Նախկինում մենք էինք խնդրում, որ մեզ հետ համատեղ հավաքներ անցկացնեն: Հիմա փոխվել է՝ մյուս երկրներն են մեզ դիմում: Օրինակ, եկող տարի Ստամբուլում օլիմպիական վարկանիշային մրցաշար կա եւ Թուրքիան բոլոր ծախսերը վերցնելով՝ իր հաշվին մեզ հրավիրում է իրենց մոտ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու:
Այսօր նաեւ Արաբական երկրներից են մեզանից մարզիչ խնդրում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջի
Արթուր Գեւորգյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առավոտի» շաբաթ օրվա համարում