Ադրբեջանի Թարթառի շրջանի Բեգում Սարով հայկական գյուղի բնակիչ Սուրեն Տոնյանը տարիներ առաջ 600 այլ ընտանիքների հետ փախել է թշնամուց և ապաստանել Հրազդանում: Կարոտն աչքերում՝ ամեն օր հիշում է իր կորցրած տունը, շրջկոմի առաջին քարտուղարից նվեր ստացած «Ժիգուլի» մակնիշի մեքենան («Իտալիայի վիպուսկ էր, է՜»,- ծիծաղում է):
40 տարվա գյուղատնտեսը ոչինչ չի խնայել զավակներին բարձրագույն կրթությամբ ապահովելու համար: «Խանի պես էինք ապրում, որովհետև կիրթ էինք: …Դարձանք փախստական, դարձանք մուրացկան», – դառնությամբ պատմում է Սուրեն պապը:
Մինուճար որդին զոհվել է Արցախի ազատամարտում: Կինը կորստյան վշտին չի դիմացել: Այդ օրվանից ի վեր միայնակ է ապրում, ուրիշների հողը մշակում «փայի» դիմաց: Պատահել է՝ խաբել են, չեն վարձատրել, սակայն երբեք իր բախտից չի բողոքել: «Բոլորից գոհ եմ», -ասում է նա:
Կարդացեք նաև
Օրերը ցրտելուն պես 85-ամյա ծերունին դադարում է աշխատել, քանի որ ճողվածքի ցավն իրեն զգացնել է տալիս: Վիրահատությունն անհնարին է. 37000 դրամ կենսաթոշակը միայն կոմունալ ծախսերի համար է բավականացնում:
Շատ նախասիրություններ ունի՝ ֆուտբոլ, հայոց պատմություն, գրականություն, աշխարհագրություն: Անկեղծորեն զարմանում է, թե ինչպես կարող է հայ մարդը պատկերացում չունենալ Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին: Հաճախ է Սևակ կարդում և տարբեր առիթներով մեջբերումներ անում:
Հավատում է Աստծուն, ճակատագրեր տնօրինելու նրա զորությանը: «Աստված է մեզ ստեղծել: Ճակատագրից չես փախչի: Այդքան փորձեր են անում, մի մուկ անգամ չեն կարողանում ստեղծել»:
Հարևանները, բարեգործական ճաշարանի աշխատողները, ընկերները բնութագրում են նրան որպես բարի և աշխատասեր մարդու: «Սուրեն պապին մարդ է մեծատառով, մեր հավատարիմ բարեկամը»,- պատմում է Յուրա Դավթյանը՝ հիշելով ավանդույթ դարձած մի թաս գինին, ցավ ու արցունք տեսած այդ մարդու անկեղծ ծիծաղը: «Ասում էի՝ Սուրե՛ն, թոռներդ հարուստ են, թոշակդ քեզ պահի: Չէր լսում, մի մասն ուղարկում էր»:
Այս ամսվա կենսաթոշակով Սուրեն պապը հատուկ նվեր է գնելու. չէ՞ որ իր ազատամարտիկ որդու տղան է ամուսնանում:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ