Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Էմին Երիցյան. «Խորանալու դեպքում մենք ընդհանրապես գործընկերներ չենք ունենա եվրոպական կառույցներում»

Հոկտեմբեր 20,2014 19:26

«Ուղիղ, հենց դա է պատճառը»,-Aravot.am-ի հարցին արդյոք այն, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը «Անջատողական լարվածությունը Ուկրաինայում և հարևան երկրներում» թեմայով նիստի ընթացքում ընդունել է հերթական հակահայկական փաստաթուղթը, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոնգրեսն ընդունել է բանաձև,  որն ընդգծում է Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքները։

Պարոն Երիցյանը որոշ մանրամասներ ներկայացրեց նիստի ընթացքից: Մասնավորապես, օրակարգային հարցը եղել է Ուկրաինայում անջատողականությունն  ու հարևան երկրները և քննարկմանը հրավիրված են եղել Մոլդովայից, Վրաստանից, Ուկրաինայից ներկայացուցիչներ, Ադրբեջանը՝ որպես նախագահող երկիր:

Ըստ պարոն Երիցյանի՝ «Ձևակերպումը վտանգավոր չէ, բայց սկզբում այն ընդհանուր էր գրված, ու կարողացանք շտկում մտցնել, որ նշվեն այն երկրները, որոնք մասնակցել են»: Պարոն Երիցյանի փոխանցմամբ՝ «Եվրոպական կառույցները փորձում են Ադրբեջանին և Հայաստանին ներքաշել Ղարաբաղի հարցով հակառուսականության մեջ, քանի որ բուն ակցիայի նպատակը հենց դա էր»: Սակայն կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավարն այս հարցում չափավորություն է նկատում, քանի որ իր ելույթից հետո երկրորդ անգամ Ադրբեջանի նախարարը հրաժարվել է խոսել: Իրականում նա չէր հասկացել օրակարգի իմաստը, փորձել էր ուղղակի որպես լսարան կոնգրեսականներին օգտագործել, սակայն, երբ հասկացել են, որ դա հակառուսական ակցիա է, իրենք էլ են իրենց  պասիվ պահել:

Մեր հարցին՝ Եվրոպան վրեժխնդի՞ր է լինում Հայաստանից, նա պատասխանեց. «Ոչ միայն ԵԽ-ում այլև ԵՄ-ում, անկախ նրանից, թե ինչ քաղաքական, անհատական կապեր կան, եվրոպական բոլոր երկրները ցուցումով հակառուսական գործողություններ են իրականացնում: Փորձում են խաղալ, թե Ադրբեջանը կամ Հայաստանը ով հակառուսական դիրքորոշում կընդունի, որ ներքաշեն: Դա ոչ թե պատիժ է, այլ ազդանշան ու պրովոկացիա, որ ներքաշեն այդ հակառուսական գործընթացում»:

Մեր դիտարկմանը, միայն ԵԽ-ի որդեգրած քաղաքականությա՞ն խնդիրն է, թե՞ նաև հանձնաժողովի աշխատանքների շնորհիվ կարելի էր կանխել նման բանաձևի ընդունումը, պարոն Երիցյանը պատասխանեց. «Այդտեղ միջպետական խնդիր է: Միջպետական մակարդակով դիմում են, թե ով է ցանկանում խոսել: Եվրոպական ոչ մի կառույց չի մերժում: Ուստի այս դեպքում մեր դիվանագիտական կառույցները պետք է աշխատեին: Դա ոչ ԵԽԽՎ-ի ոչ էլ Կոնգրեսի պատվիրակների խնդիրը չէ: Երբ որոշում է կայացվում, որ տվյալ ուղղությամբ քայլ կատարվի, ոչ մի երկրի պատվիրակություն, առավել ևս, օրինակ՝ ՀՀ-ի, որը փոքր է, չի կարող դա կանխել: ՌԴ-ի մասով  քվեարկություններում Ռուսաստանի պատվիրակությունը միայնակ է մնում: Բոլոր 46 երկրները, բացի Հայաստանից ու մեկ-երկու անհատները, անկախ նրանից՝ ՌԴ-ին ոնց են վերաբերվում, դեմ են քվեարկում: Ըստ էության՝ դա պայմանավորված, կազմակերպված գործընթաց է լինում, և դիվանագիտական լուծումների դեպքում էլ դժվար է դրա առաջ կանգնել, քանի որ եվրոպական երկրները մոբիլիզացված են գործում»:

Պարոն Երիցյանը մտահոգված է, որ այս զարգացումների արդյունքում ՀՀ-ն եվրոպական կառույցներում հնարավոր է գործընկերներ չունենա. «Հրավիրում են պաշտոնյաներ՝ Մոլդովայից, Վրաստանից, Ուկրաինայից ու նրանք քննարկումների ժամանակ քաղաքական սուր հայտարարություններ են անում Ռուսաստանի դեմ և ոնց որ սահմանը անցնում են՝ անկախ նրանից չափավոր քաղաքական գործիչ են, թե՝ ոչ: Այդ իմաստով նաև հակառուսական հողի վրա շատ ուժեղ մոբիլիզացիա է տեղի ունենում, այս դեպքում նաև միանում է Ադրբեջանը: Մենք այս առումով ենք մենակ մնում: Սա է վտանգավոր զարգացում, որ ավելի խորանալու դեպքում մենք գործընկերներ  ընդհանրապես չենք ունենա եվրոպական կառույցներում»: Մեր դիտարկմանը՝ կմեկուսանա՞նք, պարոն Երիցյանը պատասխանեց. «Ստացվում է մեկուսացում, քանի որ նրանք միաբան ու կազմակերպված են գործում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031