Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանը խոսում է ԲՀԿ-ի դղյակներից. «Հաջորդ միտինգում կիսվեք ձեր հարստությամբ՝ աղքատների հետ»

Հոկտեմբեր 20,2014 18:49

«Չի կարելի մարդու իրավունքների խախտումների մասին խոսել այնպես, որ պաշտպանես յուրայիններին, մեղադրես մյուսներին եւ ասես, որ իմ ընկերոջը, իմ կուսակցին, իմ թայֆայակցին կարելի է ամեն ինչ, կարելի է  արդարացնել դա, բայց ուրիշների դեպքում դարձնել դա վիրավորանքների, պախարակումների եւ պիտակավորումների առարկա»,- այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբախանյանն այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին «Մարտի 1-ի»   գործի եւ Աղվան Հովսեփյանի բացահայտումների մասին:

Հայկ Բաբուխանյանի խոսքերով՝ «Շնորհակալ եմ պարոն Փաշինյանին, նա հիշեցրեց շատ շատերին այս դահլիճում, թե ինչ էր տեղի ունենում 20 տարի առաջ, 10 տարի առաջ, սպանված պաշտոնյաների անուններ: Ես կարող եմ այդ տխուր, խայտառակ ցանկը շարունակել շատ երկար, որովհետեւ 25 տարի է՝ զբաղվում եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ շատ եմ տուժել անձամբ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ բարոյապես տուժել եմ, որովհետեւ փորձել եմ պաշտպանել մարդու իրավունքները այն մարդկանցից, ում ներկայացուցիչներն այստեղ դատավորի կեցվածք են ընդունում եւ փորձում են համեմատել 2013 թիվը 2012-ի հետ:

Իսկ դուք համեմատեք 2013-ը 1992-ի հետ, 1995-ի, 96-ի հետ, 1998-ի հետ, 2001-ի, 2003-ի 2007-ի հետ, երբ ընդդիմախոսին գնդակահարում էին, երբ տանկերով ճզմում էին ընդդիմադիրների ցույցը, երբ միտինգում ելույթ ունեցող ընդդիմադիրներին դանակահարում էին: Այ դրա հետ համեմատեք: Երբ որ մամուլում մի բառ գրվում էր, այդ մամուլը ջնջխվում էր, պարոն Նիկոլ: Այն ժամանակ դուք էլ գիտեք, որ ջնջխվում էիք, դուք էլ եք թերթ գլխավորել»:

Խոսելով «Մարտի 1-ի» մասին եւ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝ Հայկ Բաբուխանյանն այսպես ներկայացրեց իրերի դասավորությունը. «Կար մի խումբ, որը սադրում էր մարդկանց գնալ հակաօրինական գործողությունների՝ զանգվածային ապօրինի գործողությունների: Կար մի այլ խումբ, որն այդ սադրանքի ենթարկված մարդկանց ճնշեց: Կարծես թե դուք միմյանց մեղադրում էիք, այսօր դուք կողք կողքի կանգնած պահանջում եք «Մարտի 1-ի» բացահայտում: Ես էլ եմ պահանջում: Պահանջում եմ հասկանալ՝ արդյոք այդ սադրանքներն ի՞նչ նպատակ ունեին: Այսօր նույնպես փորձում եք սադրել մարդկանց: Նույն արատավոր սխալ, վտանգավոր, երկրի համար կործանարար ճանապարհի վրա եք: Այո, 10 զոհը մնացին 10 զոհ՝ մեր երկրի խարանը, մեր դժբախտությունը, իրենց ծնողների անվերջ լացը:

Իսկ մնացածը քաղաքական շահարկումներ են արյան վրա, խիստ անբարոյական: Ընտրությունների կեղծիքների մասին խոսում են մարդիկ, ովքեր անձամբ կեղծում էին եւ անձամբ դատական գործերին խառնվում: Կոռուպցիայի մասին են  խոսում մարդիկ, ում պաշտոնական հայտարարագրված եկամուտները եւ ունեցած դղյակները ոչ մի կերպ իրար չեն համընկնում: Ամենահարուստ ֆրակցիայի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները այստեղ հարց են տալիս՝ ի՞նչ անել աղքատներին: Օրինակ, հաջորդ միտինգում կիսվեք ձեր հարստությամբ՝ աղքատների հետ: Եկեք Երեւանի կոնյակի գործարանը մի հատ տեսնենք ո՞նց սեփականաշնորհվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031