Այսօր Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում հայտարարելով, որ քանի որ դատական համակարգը չի գործում ՀՀ-ում, կօգտագործի ԱԺ ամբիոնը, կհրապարակի իր դատավճիռը, որն արձակվել է հոկտեմբերի 10-ին՝ Ազատության հրապարակում. «Դատավճիռ հանուն հայ ժողովրդի եւ ազատ, միացյալ, անկախ Հայաստանի»,- ասաց Զարուհի Փոստանջյանն ու սկսեց ընթերցել քրեական գործով մեղադրական եզրակացություն՝ ընդդեմ Սերժ Ազատի Սարգսյանի:
Նա սկսեց կարդալ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալները, որ ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, նախկինում չդատված, աշխատել է ՀՀ նախագահ, բնակվել է Երեւան Բաղրամյան 26 պալատում, մեղադրվում է պետական դավաճանության մեջ»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ զգուշացնելուց հետո նորից անջատեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը: Բայց տիկին Փոստանջյանն ԱԺ ամբիոնի մոտից չգնաց այնքան ժամանակ, մինչեւ չավարտեց իր ելույթը: Շարմազանովը չգիտեր ինչպես կանխեր այդ ամենը. «Լրջություն է պետք, էլի»,- ասաց նա եւ հորդորեց հարգել իր իսկ ներկայացրած նախագիծը՝ կարգազանց պատգամավորների մասին:
Ըստ Գալուստ Սահակյանի, սա կարգազանցության վառ օրինակ է: Նա հորդորեց ուշադրություն չդարձնել Զարուհի Փոստանջյանին՝ ասելով. «Հանգստացեք, անբուժելի է»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանին պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. «Ես չգիտեմ ինչ են սովորեցնու Միացյալ Նահանգներում այնտեղ մեկնած որոշ ուսանողների, բայց ես գիտեմ, որ այսպիսի միտինգախառը հիստերիկաները, որոնք առաջին հայացքից տպավորություն են ստեղծում, որ այստեղ, Ռոբերտ Քոչարյանի ասած, այլ մասնագետի կարիք է զգացվում, դա, իսկապես, դավաճանության դրսեւորում է այն ժամանակ, երբ մենք գործ ունենք սահմանի վրա պատերազմի վտանգի հետ»:
Նա տեղից բղավող Զարուհի Փոստանջյանին նետեց. «Բուժվեք եւ մի խանգարեք ինձ»: Էդուարդ Շարմազանովը հորդորեց Հայկ Բաբուխանյանին ելույթը կոռեկտության սահմանում կառուցել:
Հայկ Բաբուխանյանը շարունակեց նույն ոճով. «Երբ երկիրը գտնվում է ճակատագրական մի փուլում, երբ սահմանին ավելի է մոտենում պատերազմը, այս պահին այդպիսի որակավորումները ես գտնում եմ դավաճանություն: Առավել եւս, որ կարծես թե Մարդու իրաավունքների պաշտպանի զեկույցը որեւէ առիթ չէր տալիս այն քաղաքականացնել հիստերիայի մակարդակի: Սակայն արդեն տխուր ավանդույթ է, որ մենք փոխանակ աշխատենք, անում ենք միտինգ, որի միակ նպատակը հետեւյալն է՝ դուք իջեք այս աթոռներից մենք ուզում ենք գալ, գրավել այս աթոռները: Դրա համար մենք ժամանակ ենք կորցնում միտինգային դրսեւորումների վրա, փոխանակ մարդու իրավունքների զեկույցը քննարկենք»:
Տեսանյութը` «Ա1+»-ի
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ