ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկումները շարունակվում են: Հիշեցնենք, որ դեռ նախորդ քառօրյայի ժամանակ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել էր պատգամավորներին՝ խնդրվելով, որ իրեն աջակցեն՝ իր բարձրացրած հարցերին լուծում տալու համար: Նա օգնություն էր խնդրում՝ ասելով, որ գլխավոր դատախազը հանձնական հարձակումներ է գործում իր վրա:
Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելույթում ընդունեց, որ մեր երկրում, այո, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ կան, որովհետեւ ծանր ժառանգություն են ստացել նախորդ երկու ռեժիմներից. «Այո, մենք պետք է աջակցենք ՄԻՊ-ին, բայց այնտեղ աջակցենք, որտեղ կա իսկապես ռացիոնալ բողոք եւ վրդովմունք: Այո, ոստիկանությունում, դատախազությունում կան խնդիրներ, տնտեսական մրցակցության հարցում: Բայց մենք չենք կարող աջակցել ձեզ այնպիսի ոլորտներում, ինչպիսին, օրինակ, ձեր փոխըմբռնման հուշագիրն է նույնասեռական, երկսեռական գենդերային անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրաված մի շարք կազմակերպությունների միջեւ, որը դուք կնքել եք 2011-ի հունիսի 4-ին: Այդ կազմակերպությունները պարզապես հետապնդում էին 2 աղջնակի՝ Ինգա եւ Անուշ Արշակյաններին միայն նրա համար, որ նրանք թույլ տվեցին իրենց ասել, որ նրանք զզվում են Կոնչիտայից: Ես էլ եմ զզվում Կոնչիտայից, հետո՞: Դա չի նշանակում, որ իրենց՝ կարծիք արտահայտելու իրավունքը կարող են ոտնահարել այն կազմակերպությունները, որոնց հետ դուք կնքում եք փոխըմբռնման հուշագիր»:
Իր ելույթի վերջում Հայկ Բաբուխանյանը դիմեց ընդդիմությանը՝ ասելով՝ «Փառք Աստծո, որ երկիրը ձեզ չենք տվել, թե չէ կբերեիք Կոնչիտաներին իշխանության գլուխ կդնեիք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ