Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է բռունցքը խփել ու ասել, որ հայ բժշկության թանգարանը պետք է բացվի

Հոկտեմբեր 20,2014 18:36

«Պետք է բռունցքը խփել եւ ասել՝ պետք է ստեղծվի, այլ ոչ թե խնդրել»,-այսօր
Հանրային խորհրդի Ազգային արժեքների ենթահանձնաժողովի նիստում ասաց «Վասպուրականի նոր սերունդ» հայրենակցական միության նախագահ Մարինե Վահրադյանը, երբ ենթահանձնաժողովը քննարկում էր հայ բժշկության թանգարանին տարածք տրամադրել-չտրամադրելու հարցը:

Տիկին Վահրադյանը նկատեց, որ մինչ օրս Վենետիկում սրբորեն պահպանվում է Իտալիայի հայ բժիշկների թողած ժառանգությունը: Այն գտնվում է Ժակ Սերիմանի տանը, որը ներկայումս հայտնի է որպես Վենետիկի արվեստների ինստիտուտ. «Այնտեղ մի հսկայական սրահ կա, որտեղ պահպանվում են այդ ցուցանմուշները: Վենետիկի պատմության ինստիտուտը նախկինում պատկանել է Ջուղայեցի Շահրիմանյանների տոհմին, որը հիմի Վենետիկում հայտնի են որպես Սերիմաններ: Մինչ օրս Վենետիկը նոյեմբերի 21–ին նշում է ծովակալ Անտոն Սուրյանի՝ Լեպարտոյի ճակատամարտի հաղթանակը, եւ որ նա ոչ միայն ծովակալ, այլ նաեւ բժիշկ փրկեց Իտալիան ժանտախտից»:

Ենթահանձնաժողովը բժիշկների, պատմաբանների, ճարտարապետների մասնակցությամբ հրավիրել էր նիստ՝ հայ բժշկության թանգարան հիմնադրելու համար տարածքի հատկացման հարցը քննարկելու:

Թանգարանի համար ցուցանմուշները, մոտ 30 հազար օրինակով, հայթայթել եւ այժմ պահպանում է հոգեբույժ Հարություն Մինասյանը՝ մի պոլիկլինիկայի աշխատասենյակում: Ցուցանմուշների մի մասն էլ պահվում են պարոն Մինասյանի բնակարանում՝ արկղերի մեջ: Սակայն ինչպես բժիշկ Մինասյանն է ասում, այլեւս հնարավոր չէ դրանց հետագա պահպանումը, քանի որ դրանք տեղից տեղ տեղափոխելով, արկղերի մեջ, մահճակալների տակ պահելով փչանում են: Հարություն Մինասյանը դիմել է հանրապետության նախագահին, Երեւանի քաղաքապետերին, առողջապահության բոլոր նախարարներին. «Բոլորն էլ պատասխանել են՝ շատ մեծ, հայրենանվեր գործ եք անում, բայց ձեզ տարածք չենք կարող տալ: Ես հիմի անելանելի վիճակում եմ, մարդու կյանքը հավերժ չէ եւ չգիտեմ իմ հավաքածուի հետ ինչ է լինելու»:

Պարոն Մինասյանը ենթահանձնաժողովին հորդորեց միջնորդել՝ տարածք հատկացնելու հարցով դիմելու ՀՀ վարչապետին:

Պարոն Մինասյանը աչքի տակ ունեցել է ԱՕՔՍ-ի շենքը, որը եւ տեղով եւ իր նախկինում ունեցած պատմական նշանակությամբ եղել է հիվանդանոցի շենք: Շենքը պատկանել է անվանի բժիշկ Հովհաննես Հովհաննեսյանին:

Նիստին ներկա դոկտոր-պրոֆեսոր Հասմիկ Վահրադյանն առաջարկեց թանգարանը ստեղծել Բժշկական համալսարանին կից, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ծանոթանալու այդ ցուցանմուշներին, նրա համոզմամբ թանգարանի եւ համալսարանի կապը խիստ տրամաբանական է:

Հարություն Մինասյանն ասաց, որ դիմել է, սակայն համալսարանի ղեկավարությունը նրան մերժել է պատճառաբանելով, որ արտասահմանցի ուսանողները գնալով ավելանում են եւ որ ազատ տարածներ չունեն:

Տիկին Վահրադյանի խոսքերով. «Արտասահմանցի ուսանողն, առավել եւս, պետք է ծանոթանա մեր բժշկության հազարամյա պատմությանը, որպես դիտակտիկ նյութ, արտասահմանյան ուսանողը միայն նրա համար չէ, որ վարձ մուծի»:
Նիստի մասնակիցներից մեկն էլ առաջարկեց Գիտությունների ազգային ակադեմիայի շենքերից մեկը վերցնել. «Հերթով ազատվում են եւ ո՞վ է ձեռք բերում չգիտենք»:

Նիստի մասնակիցների խոսքերով, եթե թանգարանի հիմնումը ուշացնեն գորգերի թանգարանի պատմությունը կրկնվելու է. «Ադրբեջանը գորգերի թանգարան է ստեղծել՝ առաջ ընկնելով Հայաստանից: Հայկական գորգերն էլ ներկայացրել է որպես ադրբեջանական: Ադրբեջանում՝ հենց Բաքվում գոյություն ունի 27 գորգի թանգարան, այսինքն՝ ստեղծեցին ազգային բրենդ»:

Պարոն Մինասյանի խոսքերով, ամբողջ աշխարհում գրեթե չկա երկիր, որ իրենց ազգային բժշկության թանգարանը չունենա: Հարություն Մինասյանի ցուցանմուշները սկսած բժշկական գործիքներից, կմախքից, մինչեւ քարեդարյան, բրոնզեդարյան գործիքներ են, անվանի բժիշկների լուսանկարներ, աշխատություններ եւ այլն:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն առաջարկեց հիմնավորված փաստաթուղթ ստեղծել, որպեսզի որոշում ընդունողն իմանա ինչի հետ գործ ունի: Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն ասաց, որ այդպիսի փաստաթուղթ արդեն պատրաստել են եւ կողմ ձայները ստանալուց հետո, այն կուղարկվի ՀՀ վարչապետին: Նիստի մասնակիցները միաձայն քվեարկեցին հայ բժշկության թանգարան ստեղծելու օգտին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031