Մինչ Aravot.am-ի հարցին պատասխանելը, թե ի՞նչն է պատճառը, որ հայտարարել է` եթե ամերիկացիները իր գոտու վրա աչք ունեն, ապա իրենք պետք է գան Եվրոպա, Արթուր Աբրահամն անդրադարձավ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում Հայաստանի բռնցքամարտիկների մասնակցության եւ մեդալ նվաճելու հնարավորություններին. «Հայաստանը միշտ էլ բռնցքամարտի ուժեղ դպրոց է ունեցել, տվել է աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ:
Վստահ եմ, որ աշխարհի ու Եվրոպայի գալիք առաջնություններում մենք մի երկու ոսկի կունենանք: Իսկ ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին, այնտեղ շատ դժվար է լինելու: Նախ, մասնակցելու են բոլոր ուժեղագույնները ու մենամարտերում միավորների տարբերությունը մեծ չի լինելու:
Պետք է օլիմպիական խաղերում յուրային ունենալ, որովհետեւ, երբ մրցավարները համակարգչի վրա միավորները խփում են, կարող են ինչ-ինչ բաներ հաշվի առնել: Իսկ ինչ վերաբերում է Aravot.am-ի հարցին, ընդհանուր առմամբ` դեմ չեմ Ամերիկա գնալ: Սակայն ժամային տարբերության հարց գոյություն ունի, որին պետք է հարմարվել: Բացի դա, այնտեղ էլ կան մրցավարների մեջ որոշակի կապեր ու այնտեղ էլ մրցավարները սուրբ չեն», – ասաց WBO վարկածով աշխարհի չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ