ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր վաղ առավոտից բավական ծանրաբեռնված գրաֆիկով շրջեց Շիրակի մարզում: Նա այցելեց ինչպես Արթիկի, այնպես էլ Ախուրյանի մարզադպրոցներ, այնուհետ եղավ Գյումրու գրեթե բոլոր մարզադպրոցներում, հանդիպեց Գյումրու քաղաքապետի ու Շիրակի մարզպետի, ինչպես նաև մարզի սպորտի ոլորտի ակտիվի հետ: Նախարարը հասցրեց անգամ իր հարգանքի տուրքը մատուցել, ծաղիկներ դնել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Գյումրու քաղաքապետարանի սամբո-ձյուդոյի մարզադպրոց այցելելուց հետո, նախարարը եղավ հունահռոմեական ըմբշամարտի դպրոցում, այնտեղ, որտեղ մարզվում է վերջերս աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Ինչպես բազմիցս գրել ու լուսանկարներով ցուցադրել ենք, այստեղ խայտառակ պայմաններ են (վկայությունը նախարարի լուսանկարն է՝ բորբոսնած, փլված պատերի ու փտած հատակի ֆոնին): Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե չի զարմանո՞ւմ, որ այդպիսի այլանդակ պայմաններ ունեցող դպրոցը աշխարհի չեմպիոն է տալիս: Նախարարն ասաց.«Գիտե՞ք դա առաջին դեպքը չէ, գուցե ձեր համար է առաջինը: Այո, ցավոք, դա փաստ է, բայց աշխատում ենք նաև դա էլ վերականգնել, իրականացնենք շինարարություն, իրականացնենք վերանորոգում»:
Կարդացեք նաև
Վերջինս նաև տեղեկացրեց, որ կառավարության կողմից հաստատված է 2015 թվականի գույքային ծրագիրը, որտեղ ընդգրկված են նաև Շիրակի մարզի մարզադպրոցները, Գյումրու հունահռոմեական ընբշամարտի դպրոցը ևս կա այս ծրագրում:
Իսկ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքապետը 25 րոպեի ընթացքում 10 անգամ շեշտեց, որ Գյումրին աշխարհի չեմպիոններ է տալիս, նախարարին հասկացրեց, որ վերջինս էլ ձեռքերը ծալած չպիտի նստի, նա ևս պիտի օգնի: Նախարարը իր հերթին քաղաքապետին ասում էր, որ խնդիրները քայլ առ քայլ պիտի լուծեն, միանգամից հնարավոր չէ, բայց առաջնային նպատակ են դրել հունահռոմեական ըմբշամարտի դպրոցը վերանորոգել:
Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ