Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը քննադատեց Կարեն Անդրեասյանին, որ անհասանելի է, փաստարկված չի խոսում, սադրում է

Հոկտեմբեր 20,2014 17:29

Այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ շատ պատգամավորներ իրենց աջակցությունը հայտնեցին Կարեն Անդրեասյանին:  Հիշեցնենք, որ նա զեկույցը ներկայացնելիս նախորդ քառօրյայի նիստում թեժ բանավեճի մեջ էր մտել ՀՀԿ-ական պատգամավորների հետ եւ խնդրեց պատգամավորներին, որ իրեն օգնեն:

ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը դիտողություն արեց Կարեն Անդրեասյանին, որ երբ կանչել են իրենց հանձնաժողով՝ մի հարցի քննարկմանը մասնակցելու, օմբուդսմենը չի եկել: Կորյուն Նահապետյանը հետո ճշտեց, որ գուցե օբյեկտիվ պատճառներ են եղել, որովհետեւ օմբուդսմենը մասնակցել է մի գիտաժողովի:

Կորյուն Նահապետյանի դիտողությանը միացավ նաեւ Էդմոն Մարուքյանը: Նա պատմեց, որ Կարեն Անդրեասյանը իրեն եւ Ալեքսանդր Արզումանյանին հրավիրել է օմբուդսմենի գրասենյակ՝ քննարկման, սակայն ինքը չի եկել: Պատգամավորները մինչեւ վերջ սպասել են, իմացել են, որ Կարեն Անդրեասյանը Հայաստանում է, սակայն չի եկել՝ վիրավորելով պատգամավորներին: Էդմոն Մարուքյանն ասաց. «Ուստի ձեզանից ինչ հասնում է, դուք արեք, հետո նոր քննադատեք պատգամավորներին: Ասում էիք, որ պատգամավորները այնպիսի հայտարարություններ են արել, որ զավեշտալի են, պարզ է, որ պետք է պատասխանեն ձեզ: Դուք սադրում եք, ուզում եք ձեզ չպատասխանեն»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ուշադրությամբ հետեւել է գլխավոր դատախազության եւ ՄԻՊ-ի բանավեճերին, փոխադարձ վեճերին ու մամուլի հաղորդագրություններին: Պատգամավորը ծանոթացել է, թե ինչ է գրված դատախազության մասով զեկույցում եւ զարմացել, ընդամենը վերացական հայտարարություններ են: Նրա գնահատմամբ՝ Կարեն Անդրեասյանը գովասանագիր է տվել դատախազությանը, քանի որ մարդու իրավունքների խախտման օրինակ որպես ներկայացրել է ընտանեկան մի խնդիր, թե ինչպես են ամուսինները վիճել, իրար գույք վնասել եւ այլն: Այսինքն, այնպիսի լավ վիճակում է դաշտը, որ այլ օրինակ չունի պաշտպանը նշելու: Նա կոչ արեց ավելի փաստարկված լինել, գնալ ազատազրկման վայրեր: Էդմոն Մարուքյանը քննադատեց պաշտպանին, որ անհասանելի է. «Ազատազրկման վայրերում ձեր կարիքն ունեն, դուք անհասանելի եք, ձեզ չեն գտնում»:
Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ զեկույցում Կարեն Անդրեասյանը նշել է, որ տեսողական խնդիրներ ունեցողների համար ընդամենը 1 խաչմերուկում է տեղադրվել հատուկ լուսակիր, եւ նշել, որ նրանց իրավունքները խախտվում են. «Լավ կլիներ, որ սա որպես դրական տեղաշարժ նշվեր, որ մեկ խաչմերուկում տեղադրվել է նման լուսակիր, գուցե ոստիկանությունը ոգեւորվեր: Հասկանում եմ, խնդիրը բաժակի կեսը լցված, կեսը չլցված լինելը չէ»:

Թեւան Պողոսյանը զարմացել էր, որ կադաստրի մասին դրական արդյունք էր տեսել ՄԻՊ-ը, չնայած քաղաքացիներից շատ բողոքներ են լինում այդ ոլորտի հետ կապված: Նա Կարեն Անդրեասյանին խորհուրդ տվեց՝ մարդը կարող է մի բան փոխել, եթե տեսլական ձեւավորի եւ տանի առաջ: Ուրախ կլինեմ, որ ձեր խնդիրը չլինի, թե որ ինստիտուտը ձեզ օգնի, այլ ասեք, թե ինչ եք անելու, այդ ինստիտուտները գան ձեզ օգնելու: Եղեք ուժեղ, մեզ պետք է ուժեղ մարդու իրավունքների պաշտպան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031