«Փոլ Սմիթին հաղթեցինք: Բայց հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ նա ուժեղ հարվածներ էր հասցնում: Դրա համար մենք մարզչիս հետ այնպիսի մարտավարություն էինք ընտրել, որպեսզի նրան չթողնենք ինձ շատ մոտենալ: Սմիթին հեռավորության վրա պահելով` հասանք մեր նպատակին եւ հաղթեցինք միավորներով», – այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց հաղթանակից հետո Երեւան` հանգստանալու եկած WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Սակայն Աբրահամն այնքան էլ գոհ չէ իր այդ մենամարտից: «Ես ընդհանրապես գոհ չեմ լինում` ավելին եմ ցանկանում: Կարող էր ավելի լավ լինել: Ուլի Վեգները, օրինակ, ավելի գոհ է: Նա սիրում է միավորներով հաղթելու մարտավարությունը, երբ այն լինում է 100 տոկոսանոց: Իսկ ես սիրում եմ հարվածել եւ նոկաուտ անել», – ավելացրեց աշխարհի չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ