Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ահազանգ էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասի Կարմիր բլուր 5 հասցեում առաջացել է ջրահեռացման համակարգի վթար, և կեղտաջրերը լցվում են հարևանությամբ բնակվող քաղաքացիների բանջարանոցներ:
Ահազանգի հետքերով քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան մասնագետները և «Երևան Ջուր» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները վթարավերացնող խմբերի հետ անմիջապես մեկնել են դեպքի վայր: Տեղում են եղել նաև ԱԻՆ և ՀՀ ոստիկանության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները: Պարզվել է, որ կոյուղագծի խցանումը բնակիչների անփութության հետևանք է. կոյուղագիծը խցանված է եղել մեծածավալ առարկաներով, ընդհուպ՝ երկաթգծի փայտակոճղերով և ծառերի ճյուղերով: Լուսաբացին արդեն մեկնարկել են վթարավերականգնման աշխատանքները: Վթարի մեծածավալ լինելու և բնակիչներին անհանգստություն չպատճառելու նպատակով խնդրին նախ ժամանակավոր լուծում է տրվել:
Կոյուղաջրերի արտահոսքը նախ ուղղվել է դեպի ոչ բնակելի հատված: Վթարավերականգնման աշխատանքները շարունակվել են առանց ընդմիջման, և հոկտեմբերի 20-ին, ժամը 14:30-ի դրությամբ խնդիրը հիմնավոր լուծում է ստացել և վթարն ամբողջությամբ վերացվել է: Ինչ վերաբերում է հիվանդությունների մասին որոշ լրատվամիջոցներով տարածված լուրերին, ապա նշենք, որ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության կողմից Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասի տարածքում վերջին երկու շաբաթվա ընթացքում աղիքային սուր ինֆեկցիա ախտորոշմամբ որևէ կանչ չի սպասարկվել:
Երևանի քաղաքապետարան