Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի մասին իր ելույթում նշեց, որ Կարեն Անդրեասյանը մի շատ կարեւոր հայտարարություն է արել՝ ասելով, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Նրա խոսքերով՝ «Մինչ օրս բացահայտված չեն 2008-ի Մարտի 1-ի սպանության հեղինակները: Սերժ Սարգսյանի կողմից քննչական կոմիտեի նախագահ նշանակված ՀՀ երկարամյա դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը այս առումով չափազանց տարօրինակ է: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա ասում է՝ դուք չարաչար սխալվում եք, որովհետեւ ասում եք, որ Մարտի 1-ի գործով մինչ օրս ոչ մի բացահայտում չկա:
Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն այսօր իրականացված են: Լավ, եթե Աղվան Հովսեփյանն ասում է, որ բացահայտումներն իրականացված են՝ խնդիր չկա: Դե թող կանգնի հանրության առաջ եւ ասի՝ ո՞վ է սպանել Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Սամվել Հարությունյանին, Տիգրան Աբգարյանին, Գրիգոր Գեւորգյանին, Համլետ Թադեւոսյանին: Բայց Աղվան Հովսեփյանը, ըստ ամենայնի, հընթացս, հիշում է, որ այսպիսի պատասխաններ է հարուցում իր ասածը՝ ասում է իմիջիայլոց, որ իհարկե, կան չբացահայտված հանգամանքներ՝ տուժողների կողմից հարուցված:
Ամբողջ Հայաստանի եւ միջազգային հանրության համար Մարտի 1-ի գործը առաջին հերթին սպանությունների բացահայտումն է, իսկ Աղվան Հովսեփյանի համար ընդամենը սպանությունները չբացահայտված առանձին հանգամանքներ են»:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ իսկ ընդհանրապես ի՞նչ բացահայտում է արել Աղվան Հովսեփյանը եւ ընդհանրապես իշխանությունը՝ Մարտի 1-ի հետ կապված. «Կարծում եմ, Մարտի 1-ի համար բնորոշիչներից մեկն այն է, որ նա իմ համեստ անձին վերագրում էր գերբնական հատկություններ, ընդ որում՝ պաշտոնապես, որ ես կարող եմ մարդկանց հատուկ բառերի օգտագործմամբ գցել հոգեխանգարմունքի մեջ, այնպիսի բառերի, ինչպիսիք են հայրենիք, ընտանիք եւ այլն: Մեծ գայթակղություն կա ասելու, որ այսպես կարող են վարվել միայն անհայրենիք մարդիկ, բայց ես զերծ կմնամ այսպիսի հայտարարություններից՝ ներքաղաքական կյանքում վերջին ամսվա ընթացքում թեւածող ակադեմիական մթնոլորտը չխաթարելու համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ