«Ովքեր ծանոթ են Աղվան Հովսեփյանի գործունեությանը, նրա հայտարարությունների վրա չեն զարմանա»,- այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի մասին իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես անդրադարձավ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դիտարկումներին՝ Մարտի 1-ի եւ այլ գործերով:
«Օրինակ, 1998-ի օգոստոսի 6-ին սեփական աշխատասենյակում սպանվեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Աղվան Հովսեփյանը, որն այդ ժամանակ դատախազության քննչական մասի ղեկավարն էր եւ հանցագործության կատարման պահին գտնվում էր դատախազության շենքում, այսինքն՝ հանցանքի վայրում, բոլոր «բացահայտումներն» իրականացրեց, ու դրա արդյունքում հընթացս դարձավ ՀՀ գլխավոր դատախազ: Իսկ այդ բացահայտումներն ասում էին, որ Հենրիկ Խաչատրյանին սպանել է ՀՀ տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը եւ վերջում էլ ինքնասպանություն գործել: Հանրության մի հսկայական հատված իհարկե համաձայնեց պաշտոնական այն վարկածի հետ, որ սպանողը եղել է դատախազության աշխատակից: Բայց այնքան էլ համաձայն չէր այն վարկածի հետ, որ այդ աշխատակցի ազգանունը Կարապետյան էր եւ առավել եւս՝ համաձայն չէր նրա հետ, որ այդ մարդասպանը վերջում ինքնասպանություն է գործել»:
Նա անդրադարձավ նաեւ ՆԳ հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության գործին. «Սպանվեց 1999-ի փետրվարի 9 -ին: Աղվան Հովսեփյանն իրականացրեց բոլոր բացահայտումները եւ հանրությանը ներկայացրեց վարկած, որ Արծրուն Մարգարյանը 2 կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ սրտին է կրակել, մի անգամ էլ գլխին է կրակել: Ահա այսպիսի բացահայտումներ են արվել»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Աղվան Հովսեփյանի վրա կենտրոնանալով՝ պետք չի մոռանալ Սերժ Սարգսյանին. «Ի վերջո, եւ Հենրիկ Խաչատրյանի, եւ Արծրուն Մարգարյանի սպանության ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի սուպեր իրավապահ համակարգի ղեկավարը՝ ՆԳ եւ ազգային անվտանգության նախարար: Նա առաջնային պատասխանատվություն է կրել այս բացահայտումների համար:
Իսկ ընդհանրապես երբ դիտարկում ենք Սերժ Սարգսյան-Աղվան Հովսեփյան իրավապահ տանդեմի գործունեության հետեւանքները, գալիս ենք հետեւյալ շշմեցուցիչ եզրակացության, որ երբ Սերժ Սարգսյանը ՆԳ եւ ազգային անվտանգության նախարար էր, իսկ Աղվան Հովսեփյանը՝ ՀՀ գլխավոր դատախազ, այդ ժամանակներում ՀՀ-ում սպանվել են ԱԺ նախագահ, վարչապետ, գլխավոր դատախազ, օպերատիվ հարցերով նախարար, երկու փոխնախարարներ, ԱԺ 3 պատգամավորներ, ՆԳ հրամանատար, պաշտպանության փոխնախարար: Այս ցանկը կարելի է շարունակել: Եթե Աղվան Հովսեփյանին հարցնենք, կասի, որ բոլոր բացահայտումներն իրականացված են, իսկ մինչեւ հիմա սպանությունների մի մասը պաշտոնապես բացահայտված չի, մյուս մասի վերաբերյալ էլ հանրությունն ունի իր կարծիքը, վերապահումներն ու դիտողությունը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Որոշակի դուռ համբուրողի գենետիկան բացահայտված է , մնաց մնացածը: