«Մենք թիմով ենք մասնակցել ՏԻՄ ընտրություններին. Դիտորդների հետ կային նաեւ լրագրողներ»,- այսօր` հոկտեմբերի 20-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հոկտեմբերի 19-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը:
Հակակոռուպցիոն կազմակերպությունը դիտորդներ է ունեցել հանրապետության 5 մարզերի 10 համայնքների 14 տեղամասերում: Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ իրենք այդ ընտրությունների ընթացքում արձանագրել են 19 ահազանգ. «Այս թիվը բավականին փոքր է` համեմատած մարտի եւ հունիսի ՏԻՄ ընտրությունների հետ, ինչը շատ ողջունելի է: Նշանակում է, որ ե’ւ հանձնաժողովներն են սկսել ավելի գրագետ աշխատել, ե’ւ ընտրողները կրկնակի փորձառություն են ձեռք բերել: Այդ 19 ահազանգերի հիման վրա կազմվել է եւ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կներկայացվի 15 դիմում»:
Ըստ տիկին Տիգրանյանի` 15 դիմումներից 3-ը Արարատի մարզից են, 8-ը` Գեղարքունիքի ց, 1-ը` Կոտայքից եւ 3-ն էլ Շիրակի մարզից: Իսկ Արմավիրի մարզից ահազանգ ընդհանրապես չեն ստացել: Ահազանգերը հիմնականում տեղամասում եւ տեղամասից 50 մ շառավղով տարածքում մարդկանց եւ ավտոմեքենաների կուտակումների առնչությամբ են եղել. «Մենք, իհարկե’, հասկանում ենք ազգային մոտեցումները, այն առումով, որ գյուղական համայնք է, մարդիկ գնում են ընտրությունների, հնարավոր է` մեկը մյուսին տեսակցում են ընտրատեղամասի մոտ: Բայց մենք ֆիքսում ենք այն, ինչն ամրագրված է օրենսդրությամբ: Եթե օրենքի պահանջն է` ընտրատեղամասում միաժամանակ չպետք է լինի 15 ընտրող, մենք դա ուղղակի արձանագրում ենք որպես քվեարկության ընթացակարգի խախտում»:
Նման դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովները ձեռնարկել են որոշակի գործողություններ այդ իրավիճակները հարթելու համար. «Այս երեւույթը շատ ողջունելի է, որովհետեւ նախորդ ՏԻՄ ընտրությունների ընթացքում մենք այդպիսի ակտիվություն հանձնաժողովի նախագահների կողմից չենք նկատել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ