«Մարդու իրավունքների պաշտպանը իրավունքների պաշտպանության կարիք ունի»,- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես է վերնագրել իր ելույթը՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած 2013-ի խախտումների մասին զեկույցի հետ:
Հիշեցնենք, որ պաշտպանը՝ Կարեն Անդրեասյանը, նախորդ քառօրյայում բանավեճի մեջ մտավ ՀՀԿ-ականների հետ եւ խնդրեց պատգամավորներին իրեն օգնել:
Այսօր Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ Կարեն Անդրեասյանը ԱԺ նիստերի դահլիճում չէր, եւ պատգամավորը դժգոհեց. «Սիրուն չի, երբ մարդու զեկույցը քննարկում ենք՝ առանց նրա»: Գալուստ Սահակյանը դիտողությունը համարեց տեղին եւ հույս հայտնեց, որ առաջիկայում օմբուդսմենը կգա: Նա օմբուդսմենի քայլը կապեց նախորդ քառօրյայի թեժ քննարկման հետ՝ ասելով, որ գուցե այդպես իր վերաբերմունքն է հայտնում: Ավելի ուշ պարզվեց, որ Կարեն Անդրեասյանը ԱԺ միջանցքից է հետեւում նիստին:
Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Բոլորիս համար ակնհայտ է, որ չի կարող երկրում լինել մի բնագավառ, որը շատ լավ է, երբ երկրում մնացած բնագավառները գտնվում են վատ վիճակում»:
Նա ասաց, որ աշխատանքը օմբուդսմենը կատարել է շատ բծախնդիր. «Բայց հիմնական առումով, ինչի առումով պիտի աշխատի օմբուդսմենը, մենք ունենք խնդիր:
Կարդացեք նաև
Մասնավորապես, Մարտի 1-ի խնդիրը շատ հպանցիկ է անդրադառնում: Զեկույցում նշված է, որ մահացածների իրավահաջորդների իրավունքները բացարձակապես խախտված են, արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ սեղմ ժամկետներում խնդիրը քննարկելու համար: Բայց այստեղ ժամկետը չէ խնդիրը, այլ գործը բացահայտելը»:
Արամ Մանուկյանն անամոթ սուտ որակեց Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է. «Կարծում եմ, որ Մարտի 1-ի հետ կապված դեպքերը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մեխը, ողնաշարը եւ առանցքը պետք է լինեն: Նման սպանդ վերջին տարիներին չի եղել եւ դա պետք է լինի զեկույցի առանցքը: Սա քննություն է ՄԻՊ-ի համար: Բռնությամբ կատարված հանցագործությունների հետ կապված կար կոնվենցիա, որն իշխանությունները հանեցին:
Դա մարդու իրավունքների ակնհայտորեն խախտման դեպք է՝ իշխանության կողմից: «Արտակարգ իրավիճակներում բանակի եւ զինված ուժերի վերաբերյալ» ընդդիմության օրինագիծը կրկին մերժվեց իշխանության կողմից, որը կրկին Մարդու իրավունքների ակնհայտ խախտում է»:
Արամ Մանուկյանը նաեւ տվյալներ ներկայացրեց, թե ՄԻԵԴ որքան դիմում է եղել Հայաստանից եւ ինչ արդյունքներ են գրանցվել. «2013-ին Մարդու իրավունքների եվրադատարան դիմել է 943 ՀՀ քաղաքացի, 285-ը գտնվում է քննարկման փուլում, 46-ի գործով վճիռ է կայացվել: 45-ում, 98 տոկոսում ՀՀ կառավարությունը պարտվել է: Այսինքն, գոնե այսքան մասով ապացուցվում է, որ 98 տոկոսով անարդար վճիռներ են կայացրել ՀՀ դատարանները:
Գրեթե 100 տոկոսանոց արդյունքներով բոլոր գործերը, որ գնում են Եվրադատարան, ակնհայտ խախտումներ են, որոնք իրականացվում են մեր դատարանների կողմից: Սա է հիմնական այն լուրջ խնդիրը, որի արդյունքում ստացվում է արտագաղթ, որի պատճառները ոչ թե սոցիալական են, այլ՝ մարդու իրավունքների խախտումների հետ է կապված: ՀՀ-ից արտագաղթել են բազմաթիվ բանկիրներ, բազմաթիվ բիզնեսմեններ: Այս երկրում այդ մարդիկ ոչ պաշտպանված են:
Սա է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: ՄԻՊ-ը որքան կարողանում է ՝ անում է, մի քիչ էլ վախենում է, որ մի երկու բան էլ ասի՝ հանկարծ կհարձակվեն վրան: Համակարգային է խնդիրը: Օրինակ, ընտրությունների խախտումները միայն ու միայն քաղաքական են եւ ՄԻՊ-ի հետ կապ չունեն: Թեպետ որոշ դրական բաներ կան, ծավալուն եւ բծախնդիր աշխատանք է կատարված, բայց, այնուամենայնիվ, մարդու իրավունքների համակարգը վատ վիճակում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ