«Մեզանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի, որովհետև դա եկել է Սովետական միությունից: Իսկ իմ քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել նույն քաղբանտարկյալները, բայց երբեք ու երբեք մինչև այսօր որևէ մեկը ոչ լացում է, ոչ էլ իրեն որդեգրում է որպես քաղբանտարկյալ: Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ:
Կարելի է ըմբռնումով մոտենալ որպես քաղաքականություն, բայց քաղբանտարկյալ… Նրանք էին, որ ընդհատակյա գործողություն էին կատարում, նրանք էին, որ Սովետի մամլիչ մեքենան տարբեր կալանավայրերում մշակում էր տասնյակ տարիներով: Սա է իմ տպավորությամբ քաղբանտարկյալը: Երկար փորձությունների, տանջանքների, չգիտեմ ինչերի ճանապարհ է քաղբանտարկյալը»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ է, այսպես պատասխանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, եթե բացեիբաց ով ինչ ուզում, խոսում է, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալի խնդիր չկա:
Մեկ այլ հարցի` Ղազախստանի նախագահը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում հայտարարեց, որ սահմանների հարցում փոխզիջումային տարբերակ է ընտրվել, ո՞րն է այդ տարբերակը, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ինքը չգիտի: «Ավելի լավ է ինձ լսի՝ այս պահին մեզ որևիցե հայտ չի ներկայացրել Նազարբաևը և չի էլ կարող ներկայացնել: Մենք գնում ենք մեր որդեգրած ճանապարհով, այնպես որ մենք հայտեր չենք ընդունում այլևս»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ