Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքերը ոչինչ չեն մոռացել, ոչինչ չեն սովորել». Շարմազանով

Հոկտեմբեր 20,2014 15:38

«Աշխարհում չկա մի ընտանիք, որը ուղղակի կամ անուղղակի չլինի Հայոց ցեղասպանության զոհ: Այ, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն աղետներից մեկն էր համաշխարհային մասշտաբով, փաստ է: Ու հենց թուրքական, օսմանյան դատարանն է մահապատժի ենթարկել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը իրագործողներին»,- այսօր արեւմտահայ հայրենակցական կազմակերպությունների եւ արեւմտահայերի ժառանգների հայաստանյան համաժողովի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, արեւմտահայերի ժառանգների գոյությունը ապացույցն է, որ 1917-23թթ տեղի է ունեցել ոչ միայն ցեղասպանություն, այլեւ հայրենազրկում. «Ի տարբերություն հրեական Հոլոքոսթի` որը եւս մեծ ողբերգություն էր առաջադեմ մարդկության համար, Հայոց ցեղասպանությունը տարբերվում է նրանով, որ մի ամբողջ ժողովուրդ, այդ ժողովրդի մի մեծ զանգված, հայրենազրկվեց ու ցեղասպանվեց իր հայրենիքում: Եվ բոլոր այն հեքիաթները, որոնցով այսօր Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը ջանում է ներկայացնել պատմությունը, ընդամենը ծիծաղելի են: Չի կարելի դահճին ու զոհին նույն հարթության մեջ նայել»:

Պարոն Շարմազանովն ասաց, որ բոլորին է հայտնի, որ օսմանյան կայսրությունում արեւմտահայերի բնաջնջումը ծրագրվել էր մինչեւ առաջին աշխարհամարտը. «Պատմական փաստաթղթերով հստակ երեւում է… ինչ վերաբերում է մեր պահանջատիրությանը, ես գտնում եմ, որ այլեւս ունենք Հայաստանի անկախ հանրապետություն, մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնենք մեկ կենտրոնում, որ մեր դատը հասնի իր տրամաբանական ավարտին»:

Ըստ Աժ փոխնախագահի՝ Հունաստանի ու Կիպրոսի օրինակով կարող են սկսել դատական գործեր, հասնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կարող են ընդվզել Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ. «Երկու օր առաջ եմ վերադարձել Ժնեւից ու պետք է ասեմ, որ այն խնդիրները, որոնք տարիներ առաջ տաբու էին, հիմա մեր եվրոպացի շատ գործընկերներ բաց են խոսում այդ ամենի մասին: Բայց չպետք է առաջնորդվենք միայն զգացմունքներով, պետք է համակարգված աշխատենք, որովհետեւ այսօրվա Թուրքիան ապացուցել է, որ շարունակում է իրականացնել ժխտողական քաղաքականություն: Որ թուրքերը ոչինչ չեն մոռացել, ոչինչ չեն սովորել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031