Լրահոս
Օրվա լրահոսը

«Թափառող կենդանիների թիվը դիտմամբ շատ են նշում, որպեսզի պետությունից շատ գումար վերցնեն»

Հոկտեմբեր 20,2014 15:14

Թափառող կենդանիների խնդիրները լուծելու համար ամեն տարի պետության կողմից տրվում է 220 մլն դրամ գումար, սակայն այդ գումարը իր նպատակին չի ծառայում: Այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողներին ասաց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» հ/կ անդամ Հեղինե Խաչիկյանը:

Բանախոսի պնդմամբ՝ այդ ֆինանսավորումը տրվում է մենաշնորհային մի ընկերության՝ «Յունիգրաֆ Իքս» անվամբ, որը 2014 թվականի իր վերլուծության մեջ նշել է, թե իբրեւ Երեւանում կա 45 հազար թափառող կենդանի: Հեղինե Խաչիկյանի խոսքով՝ թափառող կենդանիների թիվը շատ անգամ ավելի քիչ է, սակայն «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը ավելի շատ է նշում թիվը, քանի որ թափառող կենդանիներից յուրաքանչյուրի ստերիլիզացման համար նրանք պետությունից գումար են վերցնում, իսկ որքան շատ լինի թափառող կենդանիների թիվը, այնքան շատ գումար նրանք կվերցնեն: Հեղինեի խոսքով՝ անգամ Մոսկվայի նման մեծ մակերես ունեցող քաղաքում թափառող շների քանակը, ուսումնասիրությունների համաձայն, չի անցնում 20 հազարի շեմը. «Իսկ այս 45 հազար թիվը անկապ թիվ է»:

Կենդանիների պաշտպանը նաեւ անդրադարձավ կենդանիների նկատմամբ մարդկանց եւ հատկապես երեխաների դաժան վերաբերմունքին. «Եթե երեխան կարող է ցանկացած կենդանուն տանջել եւ մնալ անպատիժ, ապա նա մեծ հասակում կունենա նույն դաժան հոգեբանությունը»:

Նրա խոսքով՝ անցյալ տարի ահազանգ էր եղել, որ բակերից մեկում այրում էին շանը, եւ ահազանգին արձագանքել էր ոչ թե «Յունիգրաֆ Իքս»-ը, որին տարիներ շարունակ քաղաքապետարանի կողմից տրվում է կենդանիների պաշտպանությամբ զբաղվելու արտոնություն, այլ հենց «Դինգո թիմի» անդամները, որոնք կենդանուն խնամելուց հետո՝ կյանքի էին բերել: Դինգո թիմի անդամների խոսքով՝ «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը անտուն կենդանիներով զբաղվող միայն մեկ կամ երկու թիմ ունի, մինչդեռ իրենց «Դինգո թիմն» ունի 2000 կամավոր, որոնք ահազանգների 80 տոկոսին արձագանքել են, որդեգրման տվել ավելի քան 1500 կենդանու եւ չեն բախվել ոչ ավելի, քան 3000 թափառական շան:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031