Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «ԵՏՄ անդամ երկրներից ամենացածր գնաճը կլինի Հայաստանում»

Հոկտեմբեր 20,2014 14:58

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում եւ ԵՏՄ անդամ այլ երկրներում գնային զարգացումներին, նշեց, որ կանխատեսումների համաձայն՝ ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում սպասվում է բարձր սպառողական գների աճ. «2014 թվականին այն կկազմի 7,9 տոկոս, գրեթե նույնը կլինի 2015 թվականին, եւ միայն 2019 թվականին է նախատեսվում, որ գնաճի միտումները կիջնեն 4,9 տոկոսի»։

Տնտեսագետի բերած տվյալների համաձայն՝ ԵՏՄ անդամ երկրներից՝ Ռուսաստանը իր զարգացման տեմպերով հայտնվել է բարդ իրավիճակում՝ պայմանավորված պատժամիջոցներով, եւ կան որոշակի գնաճային ռիսկեր.«Մոտ 7,4 տոկոս կկազմի 2014 թվականի գնաճը, 2015-ին 7,3 տոկոս։ Բելառուսը նույնպես ունի բավականին բարձր գնաճի միտումներ՝ 2014-ին՝ 18,6 տոկոս, իսկ 2015-ին 16,9 տոկոս։ Ղազախստանում ցածր են գնաճային ռիսկերը՝ 2014-ին՝ 6,9 տոկոս, 2015-ին՝ 6,1 տոկոս»։

Անդրադառնալով Հայաստանում սպասվող գնաճին, տնտեսագետը նշեց, որ Հայաստանը գտնվում է լավագույն դիրքում։ Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ 2014-ին գնաճը եղել է 1,8 տոկոս, իսկ 2015-ին կլինի 3,8 տոկոս գնաճ. «Գտնվելով տարածաշրջանային գնաճային ռիսկերի տակ, պետք է համագործակցենք այս երկրների հետ, որոնք բարձր գնաճ ունեն, բնականաբար, որպես արտաքին գնաճային գործոն, դրանք ազդելու են Հայաստանի տնտեսության վրա։ Մենք չենք կարող համագործակցելով՝ չենթարկվել ռիսկերին»։

Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ այս ռիսկերը նաեւ պայմանավորված են նավթի գների անկմամբ. «Ռուսաստանում նվազել են դոլարային մուտքերը, երկիրը ունի խիստ արտահայտված դոլարի կարիք եւ սա առաջացնում է գնաճային ռիսկեր Ռուսաստանում, որն էլ իր ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության վրա»։

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով էլ՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, 2015 թվականից մեր երկրի առջեւ ավելի շատ խնդիրներ կծառանան. «Մենք մի միության տարածքում ենք, որտեղ արդեն իսկ տնտեսական խնդիրներ կան»։

Պրն Չիլինգարյանը վստահ է, որ եթե անգամ 900 ապրանքատեսակների մաքսազերծման տոկոսների շուրջ հինգ տարով պայմանավորվածություն է ձեռք բերվել, այնուամենայնիվ այդ հինգ տարին ոչ մի խնդիր չի կարող լուծել. «Սակայն մի՞թե, անդամակցելով ԵՏՄ-ին, հինգ տարվա մեջ մենք այնքան կզարգանանք, որ մաքսազերծման տոկոսներ սահմանելու դեպքում մենք չենք տուժի։ 20 տարի մեր երկիրն առաջընթաց չունեցավ, ապա այս հինգ տարում էլ չի ունենա»։

Տնտեսագետի խոսքով էլ, բացառությամբ 900 ապրանքատեսակների, որոնց արտոնություններ են տրվել, մյուս ապրանքների գնաճ կլինի։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031