Հակոբ Չաքրյանը համարում է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի շահերը միմյանց կբախվեն
«Քոբանի քաղաքը մեծ ռազմավարական նշանակություն ունի քրդերի համար»,- այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ըստ նրա՝ եթե այդ քաղաքն ընկնի, ապա սեպ է խրելու երկու քրդական հատվածների միջեւ, եւ այդ դեպքում Սիրիայի քրդական համայնքը լրիվ կմեկուսանա, եւ ահաբեկիչներին կկարողանան չեզոքացնել այնտեղի ինքնավարությունը. «Թուրքիայի ամբողջ ձգտումն այն է, որ Քոբանին Իսլամական պետություն կազմակերպությունը գրավի, ապա նաեւ համատեղ ուժերով չեզոքացնեն Հյուսիսային Սիրիայի քրդերի ինքնավարությունը, որը հետագայում կարող է վերածվել անկախության: Նրա անմիջապես հարեւանությամբ ընկած տարածքները անցել են այդ ահաբեկչական կազմակերպության ձեռքը, Դամասկոսն արդեն ցամաքային հաղորդակցություն չունի: Փաստորեն, ստեղծված իրավիճակը նպաստում է Հյուսիսային Սիրիայի քրդերի անկախությանը»:
Պարոն Չաքրյանը նշեց, որ եթե Հյուսիսային Սիրիայի քրդերին հաջողվի միանալ Հյուսիսային Իրաքի քրդերի հետ եւ ստեղծվի մի ամբողջական միավոր, ապա հերթը հասնելու է նաեւ Թուրքիայի քրդերի ինքնավարությանը: Իսկ Թուրքիան շահագրգիռ է, որ Քոբանին ընկնի եւ Հյուսիսային Սիրայի քրդերի ինքնավարությունը չեզոքանա: Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները դժգոհ են Թուրքիայի դիրքորոշումից եւ պահանջում են միանալ ստեղծված կոալիցիային, բայց Թուրքիան դրա հնարավորությունը չունի, քանի որ ինքն է զինել, ֆինանսավորել եւ մարզել նրանց. «ԱՄՆ-ն քրդերի հետ կապված ծրագրեր ունի: Այդ դեպքում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի շահերը միմյանց կբախվեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ