Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն առաջարկում է լյուստրացիայի ենթարկել դատավորներին եւ պահանջել նրանց հրաժարականը

Հոկտեմբեր 20,2014 14:40

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանին առաջարկեց խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ քաղբանտարկյալների թեմայով:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս մասով այլ առաջարկություն արեց: Նրա խոսքերով՝ «Միայն լսումներով չպետք է սահմանափակվենք, պետք է այլ գործիքներ էլ օգտագործենք, օրինակ, լյուստրացիայի ենթարկենք բոլոր դատավորներին, որոնք 2007-ից են սկսել հետապնդումները»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, այդ դատավորները գործիք են գործադիր իշխանության ձեռքին, սա արդեն արատավոր բնույթ է կրում եւ երկար ժամանակ է գործում: Նա հիշեցրեց, որ իրենց գործընկեր Ալեքսանդր Արզումանյան էլ քաղբանտարկյալ էր:
Նա հարցրեց Էլինար Վարդանյանին. «Ի՞նչ կարող է անել Մարդու իրավունքների հանձնաժողովը, որ բացի բարոյական աջակցությունից ֆինանսական աջակցություն էլ ցուցաբերենք: Վոլոդյա Ավետիսյանը բազմազավակ հայր է, ունի լուրջ սոցիալական խնդիրներ»:

Զարուհի Փոստանջյանն առաջարկեց հաշվեհամար բացել:

Էլինար Վարդանյանի խոսքերով՝ հաշվեհամար բացելն այնքան էլ հանձնաժողովի գործը չէ, բայց յուրաքանչյուր պատգամավոր կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Եթե դուք այսպիսի մի բան նախաձեռնեք, ես սիրով կմիանամ ձեզ: Ինչ վերաբերում է դատավորների անունները հրապարակելուն, հասկանում եք, որ սա համակարգային խնդիր է: Այնպես չէ, որ մեկ դատավորը գործիք է, մյուսը գործիք չէ, կախված է նրանից, թե ինչպես ՄԻՊ-ի զեկույցում է գրված, որ դատավորին կգա հրահանգը: Ուստի այստեղ պետք է բոլոր դատավորների անունները հրապարակել, որովհետեւ բոլորն էլ այդ համակարգի պայմաններում կախված են եւ ուղղորդվում են»:

Զարուհի Փոստանջյանը դժգոհել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախապես, մինչ դատավճիռը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործ է եւ պետք է դատապարտվի, այդպիսով, ուղղորդել էր դատարանին: Այս առնչությամբ Էլինար Վարդանյանն ասաց, որ իսկապես անմեղության կանխավարկածը շատ կարեւոր է. «Տարբեր պաշտոնյաներ կանխավ հայտնել են իրենց տեսակետը՝ խախտելով անմեղության կանխավարկածի իրավունքը: Ինձ համար դա անընդունելի է, երբ այնպիսի մի անձ է նման հայտարարություն անում, որը կարող է ուղղորդում հանդիսանալ ներքին օղակներում աշխատողների համար»:

Զարուհի Փստանջյանի խոսքերով՝պետք է գոնե հայտարարություն անենք, հրապարակենք դատավորների անունները, որոնք քաղաքական հայացքների համար դատավճիռ են կայացրել եւ ազատազրկել մարդկանց. «Մենք պետք է հասնենք նրան, որ այդ դատավորները տան հրաժարականներ: Եթե հանդիսանում են գործիք, ապա հանրությունը պետք է հասկանա նրանց գործիք լինելը եւ զգուշանա»:

Էլինար Վարդանյանը չհամաձայնեց՝ կրկին բացատրելով, որ բոլոր դատավորներն էլ ուղղորդվում են առանձին հարցերի հետ կապված:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պատգամավորներին հիշեցրեց, որ դատավորներն էլ մարդիկ են, իրենց իրավունքներն ունեն. «Մեր դատողություններով եւ գործողություններում կուզենայի, որ մարդու իրավունքների սահմանը չանցնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031