«Շանթ Հարությունյանի հեղափոխությունը բեմականացում էր և անհրաժեշտ էր, որ այն որպես բեմականացում էլ ավարտվեր»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա՝ «մահակները պետք է ժամանակին հեռացվեին, սակայն չհեռացվեցին»: Ազատ Արշակյանի համար մինչև այժմ պարզ չէ՝ «Սադրանքի զոհը ոստիկանությո՞ւնն էր, թե՞ Շանթ Հարությունյանը»: Նա պնդեց, թե «Երևանի կենտրոնում մարդիկ չպետք է մահակներով փողոց դուրս գային, տհաճ իրավիճակ ստեղծվեր: Շանթի գործողությունները պետք է կանխվեին, քանի որ դրանք հեղափոխություն չէին»: Ըստ Ազատ Արշակյանի, եթե ոստիկանությունը իմանար՝ ինչ բան է բեմականացումը, նման արարքների չէր գնա: Դատարանի վճիռը, ըստ նրա՝ «անպատասխանատու» էր. «Պարզապես անընդունելի է, որ 21-րդ դարում Հայաստանում Գավրոշ կա: Անընդունելի է նաև անչափահասին՝ Շանթի որդուն, ներքաշել քրեական պատմությունների մեջ»:
«Բարեփոխում» հ/կ նախագահ, հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ նկատեց, որ Շանթ Հարությունյանն իր ուսերին վերցրեց տասնյակ հազարավոր մարդկանց բողոքը. «Նա ավելի հայրենասեր է, քան նրանք, ովքեր բողոքում են՝ տանը հեռուստացույցի առջև նստած: Նա իրեն զոհաբերեց հանուն Հայաստանի, սակայն դրա համար շատ թանկ գին վճարեց: Շանթ Հարությունյանն այսօր մեզ համար է գտնվում ճաղերի հետևում»:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ համաձայնեց այն տեսակետի հետ, որ Շանթ Հարությունյանի արածը հեղափոխության բեմադրություն էր՝ միաժամանակ շեշտելով, որ այդ բեմադրությունը պետք չէր հանցագործություն որակել. «Նրա այդ բեմադրության պատճառով ոչ մեկի գլխից մեկ մազ անգամ չէր պակասելու, այն ընդամենը ահազանգ էր իշխանություններին, և այդ ահազանգի համար նման դաժան հաշվեհարդար Շանթ Հարությունյանին չպետք է տրվեր»: Պարոն Իշխանյանը հուսով է, որ ՀԱԿ-ից բացի, մյուս քաղաքական ուժերը ևս Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ կճանաչեն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ