Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ՀՀԿ բազմաթիվ անդամներ ԽՍՀՄ-ի ժամանակ դատվել են խուլիգանության հոդվածով, ինչպես Շանթ Հարությունյանը»

Հոկտեմբեր 20,2014 14:30

Այսօր ԱԺ-ում շարունակվեց նախորդ քառօրյայում սկսված Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի զեկույցի քննարկումը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը ներկայացրեց հանձնաժողովի տեսակետը զեկույցի մասին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նրանից հետաքրքրվեց՝ հանձնաժողովում, որպես մարդու իրավունքների խախտում, քննարկվե՞լ է Շանթ Հարությունյանի դատապարտման հարցը եւ ի՞նչ կարծիք ունեն այդ մասին, որ քաղաքական հայացքների համար մարդկանց շարունակում են դատապարտել:

Էլինար Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել.. «Որպես քաղաքական գործիչ, ես, բնականաբար, համաձայնվում եմ ձեր տեսակետի հետ, որպես իրավաբան, մի փոքր վերապահումով կարելի է մոտենալ, որովհետեւ դա իրենից բարդ գործընթաց է ենթադրում: Ինձ համար խիստ մտահոգիչ է Շահեն Հարությունյանի դատավճիռը: Դա մարդկային, բարոյական տեսակետից անընդունելի է, եթե իրավական կողմը թողնենք մի կողմ: Ես ռոմանտիզմով չեմ տառապում եւ գիտեմ ինչպիսին է մեր դատական համակարգը, եւ Շանթ Հարությունյանի դատավճիռը դրա վառ ապացույցն է»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կա 13 քաղբանտարկյալ: Նա թվարկեց անունները՝ Շանթ Հարությունյան, Վոլոդյա Ավետիսյան, Վահե Մկրտչյան, Ալեք Պողոսյան, Արմեն Հովհաննիսյան, Ավետիս Ավետիսյան, Հայկ Հարությունյան, Մկրտիչ Հովհաննիսյան, Տիգրան Պետրոսյան եւ այլք:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հանձնաժողովի նախագահին, որ խորհրդարանական լսումներ հրավիրեն. «Դուք էլ ասեցիք, որ որոշ վերապահումներ ունեք այն պնդումների հետ կապված, թե ում կարելի է քաղբանտարկյալ համարել: Շատ հրատապ է, որ ձեր հանձնաժողովն առաջիկայում լսումներ կազմակերպի՝ քաղբանտարկյալները ՀՀ-ում թեմայով, կամ ինքներդ ընտրեք ձեւակերպումը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հիմնավորել, թե ինչու ենք նրանց համարում քաղբանտարկյալ, որ տեսակետն է առավել հիմնավորված եւ առավել ծանրակշիռ:

ԱԺ-ն չի կարող ուղղակի մնալ հայտարարությունների դաշտում, պետք են կոնկրետ գործողություններ: ՀՀ քաղաքացու մոտ կա համոզմունք, որ այդ մարդիկ քաղբանտարկյալ են: Քաղաքացին իրավունք ունի իմանալ, թե ինչու միջոցներ չեն ձեռնարկվում՝ նրանց ազատ արձակելու համար: Մանավանդ, որ մենք գիտենք մարդիկ, ովքեր մարդասպանություններ են գործել, բայց ոչ միայն չեն ազատազրկվում, այլ ստանում են բարձրագույն պաշտոններ»:

Էլինար Վարդանյանն էլ ասաց, որ առաջիկայում նման լսումներ կազմակերպվեն: Նրա խոսքերով՝ «ՀՀ-ում դատավարությունները, քրգործ հարուցելը բոլորովին այլ ընթացք են ունենում: Անձին որպես քաղբանտարկյալ դատապարտելու փորձ չի լինում, որեւէ հանցագործություն է վերագրվում եւ քրգործով են դատապարտում: Հետեւաբար Աժ-ն պետք է բաց լինի տարբեր քննարկումների համար: Առաջիկայում հանրային լսումներ կհրավիրենք»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Խորհրդային միության ժամանակներում էլ բոլոր քաղբանտարկյալներին քրեական հոդվածներով են դատել, քաղաքական հանցագործությունների օրենսգիրք գոյություն չունի: Բոլոր երկրներում էլ քրեական հոդվածներով են դատվում քաղբանտարկյալները, այսօր էլ իշխող կուսակցության բազմաթիվ անդամներ դատվել են այդ հոդվածներով՝ ԽՍՀՄ-ի ժամանակ: Դատվել են խուլիգանության հոդվածով, նույն հոդվածով, ինչ այսօր Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին են դատապարտում»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը համաձայնեց, որ խորհրդարանական լսումներ կազմակերպվեն ՝ Էլինար Վարդանյանին ասելով, որ դուք էլ ձեր խոսքում տարանջատեցիք քաղբանտարկյալին որակում տալ որպես իրավաբան, եւ որպես մարդ : Դատարանն ամեն դեպքում իրավական հարթության մեջ է դիտարկում: Էլինար Վարդանյանն էլ ասաց, որ շատ կցանկանար, որ մեր դատարաններն առաջնորդվեին իրավական տեսանկյունից եւ միայն օրենքով:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031