Այսօր առավոտյան Կապանում տեղաց այս տարվա առաջին ձյունը: Անցած տարի Կապանում ձյուն տեղացել էր դեկտեմբեր ամսին: Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության համակարգող Ժորա Գեւորգյանը փոխանցեց, որ հոկտեմբեր ամսին ձյան տեղումն արտառոց երեւույթ չէ, այն բնորոշ է Կապանի տարածաշրջանին եւ նշեց, որ 1980 թվականի հոկտեմբերի 17-ին նույնպես ձյուն էր տեղացել Կապանում, սակայն ի տարբերություն այսօրվա` այն ժամանակ առատ տեղումներ էր գրանցվել եւ ձյունն էլ չէր հալչում:
Այսօր ձյուն Է տեղացել նաեւ Գորիսում ու Սյունիքի մարզի մի շարք այլ բարձրադիր գոտիներում: Պարոն Գեւորգյանի խոսքով` հոկտեմբերի 18-ից օդի ջերմաստիճանը նվազել էր 8-10 աստիճանով եւ սառը հոսանքի ազդեցությունն էլ պահպանվել էր մինչեւ օրս, սակայն առաջիկայում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ եւ օդի ջերմաստիճանի բարձրացում: «Բարձրադիր գոտիներում ձյունը նստել էր, իսկ Կապանում, կարելի է ասել՝ ձնախառն անձրեւ էր եւ հալչում էր նույն պահին:
Գիշերը Մեղրիում օդի ջերմաստիճանը +6 աստիճան էր, տեղումների քանակը 24 մմ, Կապանում +5 աստիճան, տեղումների քանակը ` 32 մմ, Գորիսում 0 աստիճան, տեղումների քանակը` 33 մմ, Սիսիանում +1 աստիճան, տեղումների քանակը 7 մմ, Քաջարանում – 1 աստիճան էր գիշերը, տեղումների քանակը` 5 մմ: Վաղվանից մինչեւ հոկտեմբերի 26-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով եւ առավելապես առանց տեղումների եղանակ է սպասվում: Վաղը գիշերը Սյունիքի նախալեռներում օդի ջերմաստիճանը կլինի -2 +2, ցերեկը`+ 7 +11, իսկ հովիտներում գիշերը սպասվում է +2 +5 ջերմաստիճան, ցերեկը` +10 +15», – տեղեկացրեց Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության համակարգողը:
Սյունիքի մարզում հոկտեմբերի 22-ից 24-ը առանց տեղումների եղանակ է կանխատեսվում, իսկ հոկտեմբերի 25-ին հնարավոր է թույլ տեղումներ գրանցվեն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Լիսկան է մեղաւոր,,