Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն արդեն ժամանակավրեպ է». քաղաքագետ

Հոկտեմբեր 20,2014 13:47

«Որքան էլ իշխանությունները երազում էին, որ աշունն իրենց համար հանգիստ լինի, իրադարձություններն ավելի անհանգիստ ու բուռն են զարգանում, քան նրանք կարող էին պատկերացնել: Դրանից էլ բխում են նրանց հայտարարությունները, գործողությունները, որոնք էլ հենց թեժ աշնան արդյունք են»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքին, քաղաքագետը նշեց. «Զարմանալի կլիներ, եթե հանրահավաքը մարդաշատ չլիներ՝ առավել ևս, երբ այդ հանրահավաքը հրավիրեցին Հայաստանում ամենամեծ հեղինակություն ունեցող ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»: Հանրահավաքից մի քանի օր անց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարեց, որ նա սահմանադրական բարեփոխումների մասին կարծիք կհայտնի փետրվար-մարտ ամիսներին:

Այս ամենը չէր լինի առանց պայքարի. եթե դա չլիներ, նախագահն արդեն այսօր կհայտներ իր կարծիքը, Տիգրան Սարգսյանը մինչև հիմա վարչապետի պաշտոնում կլիներ: Իսկ այս պայքարը, կարծում եմ, պետք է շարունակություն ունենա, քանի որ այդ պայքարից է կախված Հայաստանի վաղվա օրը, զարգացումն ու ժողովրդավարացումը:

Ժողովուրդը պետք է իշխանություններին հասկացնի, որ նրանք արդեն ժամանակավրեպ են ու պետք է խաղաղ հեռանան՝ թույլ տալով այն ուժերին, որոնք պատրաստ են վերցնելու այդ ծանր բեռը, Հայաստանը համեմատաբար անցնցում անցկացնել այս իրավիճակի միջով»:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ սպասումներ կան շուտով կայանալիք հանահավաքից ու ինչ էական փոփոխություններ կլինեն հոկտեմբերի 24-ից հետո, Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը, անկախ եղանակային պայմաններից, ավելի մարդաշատ է լինելու, քանի որ մարդկանց մոտ ոգևորության ալիք է առաջացել, զգում են, հավատում են ու տեսնում փոփոխությունները: Երբ մարդ սկսում է հավատալ, որ ինչ-որ բան փոխվելու է, իրավիճակը հաստատ կփոխվի:

Փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե հանրահավաքից հետո, այլ որևէ գործընթացի արդյունքում: Կարծում եմ, որ հանրահավաքն էլ ավելի կնպաստի իրավիճակի դրական տեղաշարժին: Այն իշխանություններին կհուշի, որ նրանք այլևս չեն կարող կառավարել այնպես, ինչպես մինչև հիմա են կառավարել:

Ոչ մի ամոթալի բան չկա հրաժարական տալու մեջ. քաղաքակիրթ աշխարհում հրաժարական տվող ուժը նույնիսկ դրական վերաբերմունքի է արժանանում, քանի որ մարդիկ հասկանում են, որ դա արվում է պետության համար: Ես չեմ ուզում Հայաստանը հասնի այն վիճակին, որ մեր երկրում էլ կրկնվեն Իրաքի, Լիբիայի օրինակները: Լավ է, որ այսօրվա ոչ իշխանական ուժերն անընդհատ շեշտում են, որ նրանց նպատակը մայդանները չեն, Լիբիան չէ: Նրանց նպատակը Հայաստանի զարգացումն է, և եթե կարողանան իրենց ազդակներով իշխանություններին հեռակա կերպով հասկացնեն, որ ավելի լավ է իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնեն իրենց ու հեռանան, դրանից բոլորս միայն կշահենք»:

Սյունե Սևադա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031