Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ինչպես ազատվել պատերնալիստական պատրանքներից

Հոկտեմբեր 20,2014 15:30

Ժողովրդավարակա՞ն, թե՞ ոչ ժողովրդավարական ճանապարհով

2000 թվականին Տալլինում ես հարցրեցի իմ գործընկերներին՝ ինչպես է պատահել, որ Էստոնիայում շուկայական ռեֆորմներն այդքան հաջող են անցել: Պատասխանն անկեղծ էր, կոշտ եւ ցինիկ՝ «որովհետեւ մենք թույլ չենք տվել այստեղ ապրող ռուսներին քվեարկել»: Բանն այն է, որ 90-ական թվականներին այդ երկրում ընդունվել են դիսկրիմինացիոն օրենքներ, որոնք, ըստ էության, Էստոնիայի ռուսալեզու բնակիչներին տվել էին «ոչ քաղաքացիների» կարգավիճակ: Այդ հակադեմոկրատական քայլերի համար եվրոպական կառույցները քննադատել են Էստոնիային, բայց՝ թեթեւակի, որովհետեւ էստոնական իշխանությունների նման մոտեցումը եվրոպացիներին ձեռնտու էր:
Արդյունքում առավել ցածր վարձատրվող, բարեփոխումներից ամենաշատը տուժող ու եվրոպական զարգացման ուղուն «գենետիկորեն» դեմ հանդես եկող բնակչության մի մասը չափազանց հակադեմոկրատական ձեւով զրկվեց երկրի կառավարմանը մասնակցելուց, շոկային ռեֆորմներն անցկացվեցին, պետությունը բռնեց իրական, ոչ օլիգարխիկ շուկայական զարգացման ուղին: Դրանից հետո այն ռուսալեզուները, որոնք հարմարվեցին իրավիճակին, չարտագաղթեցին, ստացան քաղաքացիություն: Բացարձակապես չեմ ցանկանում դա ոչ արդարացնել, ոչ էլ դատապարտել: Ուղղակի առաջարկում եմ ընդունել ի գիտություն:

Վերջերս ռուս գրող Վիկտոր Երոֆեեւը, հարցազրույց տալով ուկրաինական «Գորդոն» հաղորդաշարին, այն համոզմունքը հայտնեց, որ այսօրվա ռուսաստանյան հասարակական տրամադրություններում ոչ Պուտինը, ոչ էլ հեռուստատեսային քարոզչությունը որեւէ դեր չունեն: ՌԴ բնակչության 85 տոկոսը, ըստ գրողի, առանց որեւէ քարոզչության ունի հակաարեւմտյան եւ հակաազատական հայացքներ: Եվ այդ մեծամասնությունը միայն սպասում էր, որ գա Պուտինի նման մեկը, որն իրենց կասի՝ ինչ վատ բան կա աշխարհում, գալիս է Արեւմուտքից, եւ մասնավորապես՝ «մայդանները» այդ դավերի մի մասն են:
Հատկանշական է, թե ինչ է առաջարկում գրողը: Նրա կարծիքով՝ Պուտինը երբ ծերանա, իր համար հետնորդ կպատրաստի, որը վարելու է ճիշտ նույն քաղաքականությունը՝ այն գիծը, որը հաճո է ռուսաստանցիների մեծամասնությանը: Լավ, իսկ այդ դեպքում ինչպե՞ս է Ռուսաստանը բարեփոխվելու: Երոֆեեւը կարծում է, որ պետք է գա Պետրոս Առաջինի նման մի առաջնորդ, որը ի հեճուկս մեծամասնության կամքի՝ բռնի ուժով բարեփոխումներ կանցկացնի: Դարձյա՞լ բռնի ուժով: Բա ի՞նչ եղավ ժողովրդավարությունը: Ստացվում է, որ ժողովրդավարություն պետք է հաստատել հակաժողովրդավարական մեթոդներո՞վ: Ակնհայտ տրամաբանական հակասություն կա:

Հարցը ոչ միայն ձեւական տրամաբանությունն է, այլեւ ուղու ընտրությունը: Եթե հարց առաջանա, թե ինչ է ուզում, օրինակ, Հայաստանի բնակչության մեծամասնությունը, ապա այդ մեծամասնությունը կպատասխանի՝ ուզում եմ, որ իշխանությունն ինձ տա նորմալ աշխատանք եւ աշխատանքի դիմաց իմ արժանապատիվ կյանքն ապահովող աշխատավարձ: 25 տարվա ընթացքում ոչ մի իշխանություն, ոչ մի ընդդիմություն, ոչ մի հասարակական կառույց չի կարողացել քանդել այդ պատերնալիստական պատրանքը:
Ճիշտ հակառակը՝ գրեթե բոլոր կառավարությունները գնացել են նվազագույն դիմադրության ճանապարհով. «Հա, ժողովուրդ ջան, մենք քեզ կտանք քո աշխատանքն ու աշխատավարձը: Մի քիչ համբերի, վաղը կտանք, դե, իսկ մյուս օրը դու ընդհանրապես յուղի ու բրնձի մեջ ես տապակվելու»: (Միակ բացառությունը Բագրատյանի կառավարության որոշ շրջանն էր, որի ընթացքում, սակայն, այդ կառավարությունն արժանացել է պոպուլիստների կատաղի հարձակումների): Համապատասխանաբար, ընդդիմությունն էլ ասում է. «Տեսնո՞ւմ ես, ժողովուրդ ջան, կառավարությունը խոստացած յուղն ու բրինձը չի տալիս, իսկ որ մենք գանք՝ կտանք»:

Հենց որ մեկն ասի՝ ես քեզ, ժողովուրդ ջան, ոչ մի յուղ ու բրինձ չեմ տա, պարտավոր էլ չեմ տալ, այդ ամենը դո՛ւ պիտի ստեղծես, այդ ժամանակ էլ մենք առաջ կգնանք: Բայց այդպիսի բան կառավարությունը կարող է ասել միայն այն ժամանակ, երբ երկրում չեն լինի իր՝ կառավարության աթոռներին լրջորեն հավակնող խմբեր, որոնք, բնականաբար, շարունակելու են բարիքներ խոստանալ: Սակայն ընդդիմության բացակայությունը վատ, հակաժողովրդավարական երեւույթ է: Այդ երկընտրանքի պատասխանը ես, բնականաբար, չունեմ: Պարզապես պետք է քաջություն ունենալ՝ ասելու, որ երկընտրանքը կա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Странно, что Вы цитируете именно Ерофеева, у которого 0% рейтинга! ……. Как раз при Багратяне наш народ понес самое страшное потрясения, от которого страдает по сей день…….. Из прибалтийских республик иммигрировало треть населения за последнее время((((((((((((.

  2. Հրանտ Պապիկյան says:

    Ուկրաինական հաղորդաշարին քաղաքական վերլուծություններով հարցազրույց տվող ռուս գրողը ինչպես կարող է քաղաքական գործիչ լինել… կամ վարկանիշ ունենալ… ճիշտ եք))))))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031