Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հավատում եմ Արա Հարությունյանի անկեղծությանը եւ տեղեկացվածությանը»

Հոկտեմբեր 20,2014 15:00

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Վահրամ Աթանեսյանը՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի մասին

– Հայաստանն արդեն ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթուղթը, որի կռվախնձորներից մեկը Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի տեղադրումն է: ԼՂՀ-ում ինչպե՞ս են վերաբերվում դրան:

– Օրերս «Արցախպրեսի» խնդրանքով հարցին վարչապետ Արա Հարությունյանն էր անդրադարձել: Ես նրա անկեղծությանը եւ տեղեկացվածությանը հավատում եմ: Այլ բան ինձ հայտնի չէ, խորհրդարանում այդ թեմայով քննարկում չի անցկացվել: Կարծում եմ՝ երբ կառավարությունը ներկայացնի 2015-ի բյուջեի նախագիծը, այդ համատեքստում նաեւ դրան անդրադարձ կլինի:

– Թեեւ Հայաստանի ՀՀԿ-ական իշխանությունների տարբեր տրամաչափի գործիչները վստահեցնում են, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի լինի, այդուհանդերձ՝ գրավոր փաստաթղթում նման ամրագրում չկա:

– Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խնդրի վերաբերյալ համակողմանի մեկնաբանություններ է արել: Իմ տպավորությամբ` այդ պայմանագրում ԼՂՀ մասին որեւէ ամրագրում չէր կարող լինել, որովհետեւ գործել է սկզբունք, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները նաեւ մաքսային սահման են:

– Խոսքը, հավանաբար, բանավոր պայմանավորվածության մասին է, փոխզիջման, ինչի մասին հիշատակեց նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Բանավոր պայմանավորվածության մանրամասները պաշտոնական Երեւանը չի հրապարակում: Պաշտոնական Ստեփանակերտում գոնե տեղյա՞կ են՝ ինչի՞ մասին է խոսքը:

– Չեմ կարող ասել, Ազգային ժողովում, համենայնդեպս, որեւէ պաշտոնական բացատրություն չի հնչել:

– Ռուսական տարբեր շրջանակներ իրենց վերլուծություններում խոսում են այն մասին, թե ղարաբաղյան ապրանքները մինչ օրս ինչպես են հայտնվել ռուսական շուկայում: Հայաստանում վստահեցնում են, որ բացի քաղաքական ապահովությունից՝ ԵՏՄ-ին անդամակցությունը տնտեսական օգուտներ է տալու, տարբեր օրինակներ են բերվում: Ձեր դիտարկմամբ՝ այս նոր իրավիճակը եւ քաղաքական, եւ տնտեսական առումներով ի՞նչ դրական ու բացասական հետեւանքներ կբերի ԼՂՀ-ի համար:

– Ես տնտեսությունից խոսելու իրավասություն եւ բավարար տեղեկացվածություն չունեմ: Քաղաքական առումով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂ բանակցային գործընթացի վրա գոնե իրավիճակի հավասարակշռման իմաստով: Եթե Ադրբեջանը «փակում է» արեւմտյան աշխարհի հետ երկխոսության դուռը:

– ՌԴ-ն եւ Ադրբեջանը համագործակցության սերտացման ինտենսիվ քայլեր են անում, մասնավորաբար՝ խոսքը նաեւ Կասպյան ավազանում ուրվագծվող համագործակցության մասին է: Հայաստանի զինվորական ղեկավարությունը՝ ի դեմս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ասում է, որ դա Հայաստանի դեմ ուղղված չէ: Դուք ինչպե՞ս կգնահատեք:

– Գլոբալ իմաստով` գուցե, որովհետեւ նրանք Աստրախանում համաձայնության են եկել, որ Կասպյան ավազանում «երրորդ կողմի ռազմական ներկայություն չի կարող լինել»: Եվ գործընթացը կարելի է համարել ՆԱՏՕ-ին Կասպյան ավազանից մեկուսացնելու փորձ: Այդուհանդերձ, այն ամենը, ինչ մեծացնում է Ադրբեջանի ներուժը, այդ թվում` Կասպյան ավազանում ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության հեռանկարը, եթե ոչ` ուղղակիորեն, միեւնույն է` սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար:

– Իսկ ի՞նչ գնահատականներ կտաք օրեր առաջ ԵԽԽՎ-ում տեղի ունեցածին: Խոսքը «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» թեմայով զեկույցի մասին է: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի դիտարկումներն ու բացատրությունները Ադրբեջանի խավիարային քաղաքականության մասին կիսո՞ւմ եք:

– Իմ տպավորությամբ` փաստացի պաշտպանելով Ռուսաստանի քայլերն Ուկրաինայում՝ Ադրբեջանն, այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ում կարողացավ տպավորություն ստեղծել, որ «կիսում է եվրոպական հանրության անհանգստությունը», եւ ներկայացավ որպես «ագրեսիայից տուժած երկիր»: Թե ի՞նչ դեր է խաղացել դրանում Կասպից ծովի թառափաձկան խավիարը` չեմ կարող դատել: Խնդիրն այն է, որ գործնականում լինելով եվրոպական արժեքների իրական կրող՝ մենք չենք հաջողում դա ձեւակերպել ֆորմալ:

– Ընդհանրապես, դա Ադրբեջանի լոբբիստական քաղաքականությա՞ն, թե՞ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման արդյունք էր:

– Ադրբեջանն ահռելի ջանքեր եւ նյութական, ֆինանսական ռեսուրսներ է ծախսում` այդպիսի «հաղթանակներ» կորզելու համար: Դիվանագիտությունը, թվում է, պետք է սեւեռվի Ադրբեջանում հակաեվրոպական, հակաարեւմտյան տրամադրությունների ու քաղաքական քայլերի համակարգված վերլուծության ու այն եվրոպական հարթակներում հիմնավորված ներկայացնելու արշավ սկսելու վրա:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Հիշեցնենք. ԼՂՀ վարչապետը բացառել է Արցախի եւ Հայաստանի սահմանի վրա մաքսակետի տեղադրման հնարավորությաունը։ Նա նշել էր, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում որոշ ապրանքատեսակների թանկացումներ են սպասվում նաեւ Արցախում, ինչին դիմագրավելու ուղղությամբ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը։

«Առավոտ» օրաթերթ
18.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031