Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունների վարկաբեկման ճանապարհով ժողովրդի մոտ նոր հույսեր արթնացնելու փորձերը վաղուց դատապարտված են»

Հոկտեմբեր 20,2014 14:30

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ եռյակի հանրահավաքի
եւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ձախողման մասին

– Ի՞նչ տպավորություն թողեց Ձեզ վրա եռյակի հանրահավաքը:

– Այս հանրահավաքը նախորդներից տարբերվում էր նրանով, որ հարթակին կանգնած էին այն քաղաքական գործիչները, որոնք երկիրը ղեկավարելու եւ զարգացմանը մասնակցելու անմիջական փորձ եւ հնարավորություն ունեցել են: Այսինքն՝ ժողովուրդը ականատես եղել է տարբեր ժամանակներում նրանց կատարած գործերին: Այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանում լինի քաղաքական եւ տնտեսական կայուն դաշտ, եւ այս գործընթացին ակտիվորեն մասնակցում է նաեւ քաղաքացիական հասարակությունը, իսկ իշխանության ներկայացուցիչները հնարավորություններ են ստեղծում քաղաքացիական հասարակություն-իշխանություն երկխոսության ընդլայնման, տարբեր խնդիրների շուրջ քննարկումների կազմակերպման եւ միասնական որոշումների կայացման համար, ինչպես նաեւ իշխանությունը ակտիվ համագործակցության հայտ է ներկայացնում նաեւ քաղաքական տարբեր ուժերին, ովքեր ունեն կոնկրետ ասելիք եւ հստակ ծրագիր: Իշխանության գործելաոճը բաց է. եթե կան խնդիրներ, ապա դրանց լուծման համար կիրառվում են ավելի քաղաքակիրթ ձեւեր, քննարկումների են հրավիրվում տարբեր ոլորտների շահառուներ՝ եւ պետական, եւ մասնավոր սեկտորներից, հասարակական կազմակերպություններից: Կարծում եմ, որ ժամանակներն արդեն փոխվել են, եւ քաղաքացիական հասարակություն եւ իշխանություն փոխհարաբերությունները նոր փուլում են գտնվում, համագործակցության ավելի քաղաքակիրթ փուլում, հետեւաբար նմանատիպ հանրահավաքները, որտեղ իշխանությունների վարկաբեկման ճանապարհով ժողովրդի մոտ նոր հույսեր արթնացնելու փորձ է արվում, վաղուց արդեն դատապարտված են անհաջողության:

– Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ ողջամիտ առաջարկների կսպասեն իշխանություններից, եթե չլինեն դրանք ողջամիտ, ապա գործող նախագահի օրինակով կուղարկեն դրանք գրողի ծոցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք առաջին նախագահի ելույթի այս հատվածը: Ի՞նչ առաջարկներ ունի իշխանությունը:

– Պետք է ասեմ, որ երբեմն ազգի շահից բխող քաղաքական բառապաշարը, որը օգտագործվում է իրավիճակին համապատասխան եւ պատեհ պահին, արդարացված է: Իսկ «գրողի ծոցը», որը շատ դիպուկ էր ասված եւ տեղին, այնքան է ոգեւորել մեր ընդդիմադիրներին, որ բառը կոնտեքստից հանելով եւ անտեղի շահարկելով՝ հեղինակազրկում են իրենց իսկ կողմից հնչեցրած միտքը:

Ինչ վերաբերում է իշխանության կողմից ողջամիտ առաջարկներին սպասելուն, ապա պետք է նշեմ, որ սպասել պետք չէ, դրանք արդեն կյանքի կոչված բոլոր այն ծրագրերն են, որոնք իշխանությունը իրականացնում է՝ հրավիրելով ողջամիտ առաջարկներ ունեցող քաղաքական եւ այլ շահագրգիռ ուժերին, որոնք իրապես ցանկանում են ինչ-որ բան փոխել դեպի լավը:

– ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձախողումը, որը ենթադրում է Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստում եվրոպական այդ ատյանում, հայաստանյան մամուլում շատ քննադատվեց: Նաեւ՝ պատվիրակության ընդդիմադիր անդամները սուր որակումներ տվեցին: Չե՞ք կարծում, որ այդ քննադատության եւ որակումների մեջ ճշմարտության հատիկ կա:

– Մարդիկ պետք է կարողանան զատել փորձառու մասնագետների կարծիքները ավելի էմոցիոնալ կարծիքներից: Համոզված եմ, որ այն, ինչ խոսվում է, հիմնականում գալիս է անտեղյակությունից, եւ գնահատական տալու համար ճիշտ կլինի խորությամբ իմանալ խնդրի մասին: Վստահ եմ, որ բոլորն են ճանաչում ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող հայ պատվիրակներին եւ մասնավորապես պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին, ով երկար տարիների փորձ ունի հատկապես միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում՝ եւ հատկապես ԵԽԽՎ-ում: Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հանրային կարծիքում ձեւավորվեց այն համոզմունքը, որ մեր պատվիրակությունը՝ կազմված ԵԽԽՎ-ի ընթացակարգերը, աշխատակարգերը, գրված եւ չգրված օրենքները լավ պատկերացնող պատգամավորներից, արել է մաքսիմալը, ճիշտ է դրել նպատակներն ու խնդիրները, որպեսզի ոչ հայանպաստ զարգացումներ հնարավորինս չլինեն: Սա աշխատանք է, որը շարունակական է լինելու, եւ մենք դեռեւս այստեղ անելիքներ ունենք: «Ձախողում, պարտություն կամ հաղթանակ» բառերն այստեղ ինձ համար ընդունելի չեն, եւ գնահատականներ տալը դեռ վաղ է: Փոխարենը մենք բոլորս պետք է համախմբված լինենք եւ ցանկանանք մեր պատվիրակությանը այս թոհուբոհի մեջ պահպանել միասնականություն՝ շարունակելով իրենց աշխատանքը հայանպաստ պայքարում:

– Դիլիջանի դպրոցը, որի կառուցապատողին հարկային արտոնություններ տալու համար ընդդիմությունն անխնա քննադատություն էր թափում, վերջապես բացվեց: Հեռանկարում ի՞նչ կտա դա Հայաստանին: Ի դեպ, դպրոցի բացման ժամանակ նախագահ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց, ասաց՝ կցանկանար, որ նաեւ ադրբեջանցի աշակերտներ լինեին այդ դպրոցում, եւ դա այն պարագայում, երբ ընդամենը երկու ամիս առաջ ադրբեջանական բանակը բազմաթիվ դիվերսիոն գործողություններ կատարեց եւ սադրանքներ էր հրահրում հայկական սահմաններում:

– Հերթական անգամ քննադատությունների միջով անցած, բայց հաջողությամբ պսակված մի ծրագիր, որը Հայաստանն աշխարհին ներկայացնելու նոր ճանապարհ է, որտեղ ներկայացնողները կլինեն այն ուսանողները, ովքեր սովորում են այդ դպրոցում: Օտարերկրյա սովորողներն իրենց պատանեկության երազանքների տարիներն անցկացնելով Հայաստանում, երբ հատկապես նրանց աշխարհայացքի ձեւավորման շրջանն է, հնարավորություն կունենան Հայաստանը ճանաչել ավելի խորքից, իրենց ուսումնառության ընթացքում մոտիկից կծանոթանան մեր ազգային ավանդույթներին, արժեքներին եւ ակամայից կդառնան Հայաստանի դեսպաններն ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով Հայաստանն իրենց երկրներում: Ես համոզված եմ, որ հետագայում այս դպրոցի շրջանավարտները կվերադառնան Հայաստան՝ նոր գաղափարներ եւ ծրագրեր ներդնելու մեր երկրի հզորացման համար: Դիլիջանի միջազգային դպրոցը հիանալի հնարավորություն է նաեւ մեր հայրենակիցների համար՝ ստանալու մեծ պահանջարկ ունեցող միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ առանց հայրենիքից հեռանալու:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ադրբեջանցի ուսանողների մասով, կարծում եմ, որ եւս մեկ անգամ մեր նախագահն ապացուցեց՝ մենք մշտապես խոսում եւ առաջնորդվում ենք բարձր արժեքներով, որ կրթությունը սահմաններ չի ճանաչում, եւ այն կարծես ճանապարհ է սահմանները վերածելու կամուրջների: Դա շատ լավ օրինակ էր՝ ցույց տալու, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները վաղուց արդեն կյանքի են կոչված:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Իշխանական հհկ-ական ախոռը շատ վաղուց էվարկաբեկված, վարժուհի Ռուզան…:)
    Դրա համար լրացուցիչ ջանքեր չեն պահանջվում,այնպես որ Գալուստին տուր դասերդ, թող մի քիչ գրագիտությամբ զբաղվի…:)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031