Այսօր ԱԺ նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ընդդիմությունը 44-ից ավելի ստորագրություններ է հավաքել եւ արտահերթ քննարկման համար 2 հարց ներկայացրել՝ ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության եւ ԸՕ փոփոխության ընթացակարգերի հետ. «Ունենք երկու արտահերթ համարվող հարց, նաեւ ունենք 4 հարց՝ ներկայացված կառավարությունից, որոնք անհետաձգելի են համարվում: Կառավարության անհետաձգելի համարվող օրինագծերը, մոտ 1 շաբաթ առաջ են շրջանառության մեջ մտցվել, Սահմանադրությունն ասում է, որ 3 ամսվա ընթացքում պետք է այն քննարկվի, դեռ ժամանակ կա: Մեզ համար ակնհայտ է, որ ըստ ԱԺ կանոնակարգի մասին օրենքի ԱԺ նախագահը լիազորություն չունի հաջորդականություն սահմանել արտահերթ հարցերի համար, մեզ համար ակնհայտ է, որ ընդդիմության կողմից ներկայացված հարցերն ունեն առաջնահերթություն կառավարության ներկայացրած հարցերի նկատմամբ: Խնդրում ենք ձեր տեսակետն այս հարցի շուրջ»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Խնդրում եմ իմ իրավունքների որոշող չլինեք: Կարծում եմ, որ ինչպես Կանոնակարգ օրենքն է պահանջում, այդ նույն ոգով էլ կքննարկենք ձեր նախաձեռնությունները»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ հենց այնպես չի, որ արտահերթ 2 հարց են բարձրացնում. «ՀՀ իշխանությունները ձախողել են բոլոր ուղղությունները, կոռուպցիոն միջավայր են ձեւավորել, արտագաղթ: Պետք է անհետաձգելի միջոցառում ձեռնարկել, ամբողջ ժողովուրդը սպասում է այս հարցի պատասխանին: Կանոնակարգ օրենքում հստակ գրված է, թե որ դեպքերում դուք իրավունք ունեք սահմանել արտահերթ հարցերի հաջորդականությունը: Եթե կարդաք, կտեսնեք: Դուք նման լիազորություն չունեք: Մենք, օգտվելով դրանից, ուղղակի պահանջում ենք, որ այն հարցերը, որոնք ժողովուրդը սպասում է եւ համարում է իսկապես արտահերթ հարց, դրվի քննարկման: Կառավարության օրինագծերը ժամանակ ունենք դեռ քննարկելու համար, 3 ամիս կա, իսկ մեր բարձրացված հարցերն իսկապես անհետաձգելի են:
Գալուստ Սահակյանի խոսքերով՝ անհետաձգելի է նաեւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեությունը հարկերից ազատումը»: Սա է անհետաձգելի:
Կարդացեք նաև
Ըստ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի, սա արվում է նրա համար, որ ամսի 24-ին ունենան բազմահազարանոց հանրահավաք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ